Անգլիական հիվանդանոցում կատուն պացինետներին օգնում է հաղթահարել սթրեսը (ֆոտո)

18:31   15 մայիսի, 2019

Բրիսթոլի Southmead հիվանդանոցում (Անգլիա) նոր «աշխատակից» է հայտնվել: The Daily Mail-ը հայտնում է, որ Կոլո անունով կատուն պացիենտներին եւ բուժաշխատողներին օգնում է հաղթահարել սթրեսը: Շերտավոր կատվի հանրահայտությունն այնքան մեծ է, որ նա նույնիսկ Facebook-ում սեփական էջ ունի՝ «The Adventures of Kolo» («Կոլոյի արկածները»):

Ուշագրավ է, որ Կոլոն տնային կատու է, եւ նրա տերերը հիվանդանոցից ոչ հեռու են բնակվում: Անհասկանալի պատճառով կենդանին սիրում է ժամանակ անցկացնել պատանի պացիենտների հետ՝ քնելով նրանց հիվանդասենյակում: Փոքրիկների ծնողները երջանիկ են, քանի որ այս օգնության շնորհիվ երեխաներն ավելի մեծ հաճույքով են բուժումն անցնում եւ բժիշկներից չեն վախենում:

Կատուն իր ուշադրությունից չի զրկում նաեւ բուժաշխատողներին եւ հերթապահող ոստիկաններին: Նրա քնի սիրելի վայրերի թվում է գրանցման կանգնակը, ինչի շնորհիվ նա մշտապես ուշադրության կենտրոնում է: Southmead-ի աշխատակիցները նշում են, որ Կոլոն հիվանդանոցի իսկական խորհրդանիշն է դարձել: Արտասովոր «բուժաշխատողի» մասին ռեպորտաժներ են հրապարակվել մի շարք բրիտանական հանրահայտ պարբերականներում:



© NEWS.am Medicine