Հատուկ գելը կսոսնձի սրտի վրայի կտրվածքները

22:31   16 մայիսի, 2019

Չինաստանից եւ ԱՄՆ-ից գիտնականները հատուկ գել են մշակել, որը կարող է 20 վայրկյանում սոսնձել սրտի վրայի կտրվածքները, ինչպես նաեւ վնասված անոթները: 

Չժեցզյանի համալսարանից (Չինաստան) Հունվեյ Օույանը նշում է, որ այսօր կլինիկական պրակտիկայում կիրառվող ոչ մի այլ մեթոդ չի կարող ցուցադրել այդքան բարձր արդյունավետություն դեռեւս բաբախող սրտի արյունահոսությունը դադարեցնելիս: Փորձերի ժամանակ գելի միջոցով սոսնձվել են խոզերի սրտի վրա 6 մմ տրամագծով վնասվածքները: Երկու շաբաթ հետո կենդանիներին վիրահատելով գիտնականները լուրջ բորբոքային պրոցեսներ չեն հայտնաբերել:

Նոր գելակերպ նյութը կարող է դիմանալ մի քանի 100 անգամ ավելի բարձր ճնշման, քան սովորական սուպերսոսինձը: Գիտնականներն այն ստեղծելիս օգտագործել են դոնդողանյութի տարբեր ածանցյալներ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում ունակ են վերափոխվելու պոլիմերային թելերի: Այնուհետեւ դրանք միախառնվել են գիալուրաթթվին, բուտանամիդին եւ մի շարք այլ նյութերի: Ստացված նյութը սրտամկանի մակերեւույթին է ամրացվում ճառագայթման սկզբից ընդամենը 20 վայրկյան:

Գիտնականները հավաստիացնում են, որ նորարարական գելը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար եւ իր ամրությունը չի կորցնում մի քանի շաբաթ: Այս ժամկետը բավական է, որպեսզի վնասվածքը աստիճանաբար ծածկվի նոր բջիջներով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:



© NEWS.am Medicine