Ալցհեյմերի հիվանդության դեմ հեռանկարային դեղն անցել է կլինիկական հետազոտությունների առաջին փուլը

19:23   16 մայիսի, 2019

Ալցհեյմերի դեմ նոր փորձնական դեղամիջոցը (PRI-002) հաջողությամբ ավարտել է առողջ կամավորների մասնակցությամբ կլինիկական հետազոտությունների առաջին փուլը: Թեստերը ցույց են տվել, որ 4 շաբաթ ամեն օր ընդունելու դեպքում դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութը մարդկանց համար անվտանգ է եղել:

Նոր դեղամիջոցը մշակում է Priavoid ընկերությունը, որը D պեպտիդների հիմքով թեկնածու դեղամիջոցներ է արտադրում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար:

Վերջին տարներին շուկա դուրս գալու փորձեր են ձեռնարկել Ալցհեյմերի հիվանդության դեմ մի քանի դեղեր: Դրանք գերազանցապես թիրախավորում են բետա ամիլոիդային սպիտակուցը եւ նրա նախորդը (հիվանդության հիմնական մարկերներն են): Դեղամիջոցներն ապարդյուն փորձել են արդյունք ապահովել՝ արգելակելով ֆերմենտների ակտիվությունը եւ գործարկելով մոնոկլոնալ հակամարմինները: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ վտանգավոր են ոչ թե բետա ամիլոիդային սպիտակուցի մոնոմերները, այլ դրանց միավորումները՝ օլիգոմերները: Հենց այս գոյացություններն են աչքի ընկնում ուղեղի սահմաններում ակտիվորեն տեղաշարժվելու ունակությամբ եւ խախտում նեյրոնների աշխատանքը:

PRI-002 դեղամիջոցն ազդում է օլիգոմերների վրա՝ դրանք կոտրելով անվնաս մասերի: Այն կազմված է L ամինաթթուների մնացորդների ճշգրիտ հայելային արտացոլումից, որոնք սովորաբար առկա են օրգանիզմների սպիտակուցներում եւ չափազանց դանդաղ են քայքայվում: Արդյունքում PRI-002-ը բավականին կայուն է խմելով ընդունելու համար, այսինքն՝ այն կարելի ընդունել հաբի կամ պարկուճի տեսքով: Ալցհեյմերի հիվանդությունը հիշեցնող ախտանշաններով մկների օրգանիզմ դեղամիջոցի ներարկումը բարձրացրել է կենդանիների կոգնիտիվ ֆունկցիաները եւ ամրապնդել հիշողությունը:



© NEWS.am Medicine