«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում շարքից դուրս են եկել հեմոդիալիզի 3 սարքեր. Ի՞նչ է պատահել եւ ո՞վ է մեղավոր

09:37   17 մայիսի, 2019

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերջին 10 օրում հեմոդիալիզի 25 սարքերից 3-ը շարքից դուրս են եկել: ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ մի քանի հերթափոխով հեմոդիալիզ է ստանում 150 պացիենտ: Որպեսզի նրանց սպասարկման հետ կապված ոչ մի խնդիր չառաջանա, ստիպված էին մի քանի սարք բերել պահուստից:

Տնօրենի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչն է եղել սարքերի անսարքության պատճառը. դա կպարզի անկախ փորձաքննությունը, որի արդյունքները հայտնի կլինեն մոտ ապագայում:

Հետաքրքիր է, որ այս տարի փոխվել է բժշկական կենտրոնը սարքավորումներով եւ դրանց սպասարկմամբ ապահովելու մրցույթների անցկացման կարգը: Տնօրենը նշեց, որ անցյալում սարքավորումը տրամադրող ընկերությունը զբաղվում էր նաեւ դրա սպասարկմամբ: Մի քանի տարի շարունակ միեւնույն ընկերությունը՝ «Ֆրեզան» ԲԲԸ-ն հաղթում էր մրցույթում եւ հիվանդանոցն ապահովում թե՛ սարքավորմամբ, թե՛ դրա սպասարկմամբ, եւ եւ ոչ մի խնդիր չէր առաջանում:

Նոր կարգի համաձայն՝ այս տարի անհրաժեշտ էր անցկացնել երկու առանձին մրցույթ, ընդ որում՝ առաջինին մասնակցում էին բավականին մեծ թվով սարքավորում մատակարարողներ, եւ հաղթել են նրանք, որոնք ամենացածր գինն են առաջարկել՝ «Ֆրեզան» ՍՊԸ-ն եւ «Տեոֆարմա» ՍՊԸ-ն, որի հետ հիվանդանոցը նախկինում երբեք չի աշխատել: «Տեոֆարման» հեմոդիալիզի սարքերի համար մեկանգամյա օգտագործման խողովագծեր է տրամադրել:

Իսկ ահա սարքերի սպասարկման հետ կապված խնդիրներ են առաջացել. ոչ մի ընկերություն չի ցանկացել մրցույթին մասնակցել, եւ այս պահին դիալիզի սարքավորման սպասարկման կազմակերպման հարցը բաց է մնում:

Տնօրենը նշեց, թե անհայտ է՝ սարքերը շարքից դուրս են եկել սարքի կամ դրա առանձին մասերի սկզբնական ցածր որակի՞ պատճառով, թե՞ այն պատճառով, որ դրա պատշաճ սպասարկում չի կազմակերպվել: Ամեն ինչ պարզ կլինի, երբ ինժեներների խումբը, որի մեջ մտել են ինչպես անկախ մասնագետներ, այնպես էլ մրցույթը հաղթած ընկերության մասնագետները, որոշում կընդունի:



© NEWS.am Medicine