Անհանգստություն եւ վախ. Գիտնականները հայտնաբերել են մեդիտացիայի «կողմնակի էֆեկտները»

22:05   18 մայիսի, 2019

Հանրահայտ դարձող մեդիտացիան այնքան էլ անվտանգ չէ, ինչպես ընդունված էր համարել նախկինում:
Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է պարզել, որ 25 տոկոս դեպքերում մեդիտացիայից հետո մարդիկ զգում են, այսպես կոչված, կոգնիտիվ աղավաղումներ (այսինքն՝ վարքագծի, ընկալման եւ մտածողության շեղումներ): Դրանից բացի, ուժգնանում է սթրեսը, ինչպես նաեւ անհանգստությունը եւ վախի զգացումը: Ուշագրավ է, որ համանման «կողմնակի էֆեկտներ» են նկարագրված բուդդայական ավանդական մի քանի տեքստերում:


Հետազոտության շրջանակում անցկացվել է 1232 մարդու առցանց հարցում: Բոլոր փորձարկվողները 2 ամիս եւ ավելի մեդիտացիա են կատարել նվազագույնը շաբաթը մեկ անգամ: Կամավորները պետք է պատասխանեին մի շարք հարցերի, այդ թվում՝ տհաճ ապրումներին առնչվող, որոնք, նրանց կարծիքով, կապված են մեդիտացիայի հետ:


Հետազոտության մասնակիցների 25,6 տոկոսը հայտնել է «առանձնապես տհաճ ապրումների» մասին, ընդ որում՝ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են դրան բախվել (համապատասխանաբար՝ 28,5 տոկոս եւ 23 տոկոս): Մեդիտացիայի տհաճ հետեւանքների մասին նշել է հավատացյալների 22 տոկոսը եւ այս կամ այն կրոնական ուղղությանը չհետեւող անձանց 30,6 տոկոսը: Տհաճ զգացումների մասին առավել հաճախ հայտնել են այն անձինք, որոնք կատարել են մեդիտացիայի դեկոնստրուկտիվ ձեւեր (29,2 տոկոս):


Չնայած ստացած արդյունքներին, գիտնականները չեն շտապում եզրակացություններ կատարել այն մասին, թե կոնկրետ ինչով կարող է պայմանավորված լինել մեդիտացիայի «կողմնակի էֆեկտը»:
Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է PLOS One ամսագրում:



© NEWS.am Medicine