Երեւանում տեղի է ունենում «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» միջազգային համաժողովը

18:08   17 մայիսի, 2019

Մայիսի 17-ին Երեւանում տեղի է ունենում «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը։

Ինչպես նշել է   ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանը, մանկական առողջությամն պահպանումը ենթադրում է մասնավորապես որակյալ կադրերի պատրաստում, ինչպես նաեւ որակյալ եւ հասանելի բուժօգնության տրամադրում։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մանկաբուժության զարգացման ինտենսիվությունն այս ուղղությունը դարձնում է գրավիչ տարբեր մասնագիտացումների տեր բժիշկների համար։ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ երեխաները Երկիր մոլորակի բնակչության 40 տոկոսն են կազմում։ «Մանկաբուժությունը կարեւոր նշանակություն ունի՝ նկատի ունենալով այն, որ առողջությունը մանուկ հասակում կանխորոշում է մարդու առողջական վիճակը մեծանալիս»,- նշել է նա։

Խոսելով երեխաների շնչառական օրգանների հիվանդությունների մասին՝ Բաղդասարյանը մատնանշել է թոքերի բորբոքման ուշ ախտորոշման վտանգը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով՝ թոքաբորբը մինչեւ 5 տարեկան երեխաների 15 տոկոսի մահացության պատճառն է ամբողջ աշխարհում։ Հիմնական խնդիրը, ինչպես նշվեց, ուշ ախտորոշումն է։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ ամեն տարի այս հիվանդությունից ամբողջ աշխարհում մահանում է 1.1 մլն երեխա, այնինչ մահացու դեպքերը կարելի էր կանխել։ Այս դեպքում ռիսկի գործոններ են ուշ դիմելը, քրոնիկական հիվանդությունների առկայությունը։ Առավել խոցելի խումբ են մինչեւ 5 տարեկան երեխաները։

Փորձագետը նշել է, որ դեպքերի 80 տոկոսի դեպքում թոքերի բորբոքումը հաջողությամբ բուժվում է տնային պայմաններում, հոսպիտալացումը ցուցված է միայն հիվանդության ծանր դեպքերի ժամանակ։

Բակտերիալ թոքաբորբի հիմնական հարուցիչը պնեւմոկոկն է։ Սա հաշվի առնելով՝ նա նշել է, որ մանրէների ռեզիստենտության խնդիրը հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ էլ ավելի մեծ հրատապություն է ձեռք բերում։ «Կայունությունը հակաբիոտիկների հանդեպ այսօրվա խնդիրն է»,- նկատել է Բաղդասարյանը։

Ավելացնենք, որ «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը աշխատանքը կավարտի մայիսի 18-ին։ Համաժողովն անցկացվում է Հայաստանի առողջապահության նախարարության, ԵՊԲՀ-ի եւ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի աջակցությամբ։



© NEWS.am Medicine