Երեւանում մեկնարկել է AIOC II Միջազգային ակնաբուժական համաժողովը

12:20   18 մայիսի, 2019

Մայիսի 18-ին Երեւանում մեկնարկել է AIOC II Հայկական Միջազգային ակնաբուժական համաժողովը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում ԱՆ ակնաբուժության ոլորտի խորհրդատու, ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը հայտնեց, որ համաժողովին մասնակցում են ավելի քան 200 տեղացի եւ արտասահմանցի մասնագետներ: Նրա խոսքով՝ նման մասշտաբի ակնաբուժական համաժողովը հանրապետությունում առաջին անգամ է անցկացվում:

Միջոցառման շրջանակում զեկույցներով հանդես կգան ակնաբույժներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուից, Ուկրաինայից, Ուզբեկստանից եւ Լատվիայից: Զեկույցները մասնավորապես նվիրված կլինեն այնպիսի թեմաներին, ինչպիսիք են պոլիկլինիկայի պայմաններում կերատոկոնուսի հայտանբերումը, կատարախտի ժամանակակից որակավորումը, հիպոֆիզի ուռուցքները (պրոլակտինոմաներ), արցունքի բյուրեղագրաֆիան, Վալսալվայի ռետինոպաթիան:

Զիլֆյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ միջոցառման շրջանակում օնլայն ռեժիմով աչքի վիրահատություններ կանցկացվեն: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Փորձագետը հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի Հայաստանում ակնաբուժության ոլորտի զարգացմանը:

AIOC II Հայկական Միջազգային ակնաբուժական համաժողովը աշխատանքը կավարտի մայիսի 19-ին:



© NEWS.am Medicine