Մրգահյութերը մեծացնում են վաղ մահվան հավանականությունը. հետազոտություն

09:35   20 մայիսի, 2019

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են առողջության համար 100-տոկոսանոց մրգահյութերի վտանգավորությունը: Դրանք համեմատելով քաղցր գազավորված ըմպելիքների հետ՝մասնագետները հանգել են այն եզրակացության, որ դրանց օգտագործումը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of the American Medical Association (JAMA) ամսագրում:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 13 440 մարդու տվյալները, որոնք հայտնել են 100-տոկոսանոց մրգահյութի եւ այլ ըմպելիքների գործածման հաճակիության մասին: Վեց տարում գրանցվել է ցանկացած պատճառով մահվան 1000 դեպք եւ 168 դեպք սրտի իշեմիկ հիվանդության հետեւանքով:

Որպես կանոն, փորձարկվողների 8,4 տոկոսը իրենց օրական նորմայի կալորիաները ստացել են քաղցրացված ըմպելիքներից, իսկ 4 տոկոսը՝ 100-տոկոսանոց մրգահյութերից: Հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպես, օրինակ, ճարպակալումը, պարզվել է, որ ցանկացած պատճառով մահվան հավանականությունը 11 տոկոսով մեծացել է քաղցրածված ըմպելիքների 355 մլ լրացուցիչ չափաքանակի դեպքում եւ 24 տոկոսով՝  մրգահյութի նույն չափաքանակի դեպքում: Գիտնականները միաժամանակ նշում են լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Ռեդինգի համալսարանի (Անգլիա) սնունդի եւ առողջության ամբիոնի դոցենտ, բժիշկ Գյունթեր Կունլեն նշում է հետազոտության կարեւորությունը՝ հաշվի առնելով այն, որ մրգահյութերը հաճախ դիտվում են որպես քաղցրածված ըմպելիքների «առողջ» այլընտրանք: Դրանից բացի, չնայած վիտամինների եւ բջջանյութի առկայությանը, մրգահյութերում ֆիտոքիմիական նյութերի պարունակությունն իրականում նվազագույն է:

Նրա խսքով՝ բնական մրգահյութերը չեն կարող փոխարինել մրգերին՝ հատկապես հաշվի առնելով դրանց չափից ավելի շատ գործածման վտանգավորությունը: Այսպես՝ 150 մլ նարնջի հյութ քամելու համար անհրաժեշտ է 2 նարինջ: Բնական է, որ մեկ բաժակ հյութ խմելն ավելի արագ եւ հեշտ է, քան նույն քանակությամբ ցիտրուսայինը միանգամից ուտելը:



© NEWS.am Medicine