Լողն արդյոք կօգնի՞ օստեոպորոզի դեմ պայքարին. մասնագետի կարծիք

20:08   20 մայիսի, 2019

Այսօր աշխարհում առողջապահության ոլորտի ամենաարդիական խնդիրներից մեկը օստեոպորոզի տարածվածությունն է: ԱՀԿ տվյալներով՝ վնասվածք ստացած կանանց 35 տոկոսը եւ տղամարդկանց 20 տոկոսը կոտրվածքներ ունեն՝ կապված այս հիվանդության հետ:

Իսկ ո՞րն է օստեոպորոզի կանխարգելման լավագույն միջոցը: Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկաբուժական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արա Այվազյանի կարծիքով՝ առավել լավ արդյունքի կօգնեն հասնել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունները:

«Մարդկային օրգանիզմը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի. ծանրաբեռնվածության դեպքում ոսկորներն ավելի են ամրանում, իսկ առանց դրանց սկսում են զառամել ու ծերանալ: Մեծ տարիքում մենք ավելի քիչ ենք շարժվում, ֆիզիկական ակտիվությանն ավելի քիչ ժամանակ ենք հատկացնում: Մինչդեռ օստեոպորոզի լավագույն կանխարգելումը ֆիզկուլտուրան է, այսինքն՝ կայուն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշում է փորձագետը:

Այվազյանի խոսքով՝ նույնիսկ սովորական կեսժամանոց զբոսանքը կարող է լավ կանխարգելիչ արդյունք ունենալ: «Ոսկրամկանային համակարգի բոլոր խնդիրների լավագույն դեղը լողն է: Սա ծանրաբեռնվածության օպտիմալ տեսակ է, որը մենք խորհուրդ ենք տալիս մեջքի եւ հոդերի խնդիրներ ունեցող մարդկանց: Ջրի մեջ ծանրաբեռնվածություն չկա, իսկ շարժում կա, ինչը թույլ է տալիս արյանը նորմալ շրջանառություն կատարել, իսկ մկաններին եւ ոսկորներին զարգանալ»,- ասում է նա:

Այվազյանի կարծիքով՝ ամենաօպտիմալ տարբերակը շաբաթական 3 անգամ լողով զբաղվելն է:



© NEWS.am Medicine