Տիեզերքը փոխում է մարդու գլխուղեղի կառուցվածքը. հետազոտություն

10:50   21 մայիսի, 2019

Բելգիայից, Ռուսաստանից եւ Գերմանիայից հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ տիեզերքում գտնվելը փոխում է գլխուղեղի կառուցվածքը:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են 11 տիեզերագնացների առողջական վիճակը, որոնք տիեզերքում են անցկացրել միջինը 169 օր: Երկիր վերադառնալով՝ նրանցից յուրաքանչյուրն անմիջապես ՄՌՏ հետազոտության է ենթարկվել: Պարզվել է, որ 11,6 տոկոսով մեծացել էին գլխուղեղի 4 խորշերից 3-ի չափերը:

Ուշագրավ է, որ հայտնաբերված փոփոխությունները դիտվել են նույնիսկ տիեզերական արշավախմբի ավարտից հետո 7 ամիս անց: Ճիշտ է՝ այս դեպքում ուղեղախորշերի չափերը մեծացած էին ոչ թե 11,6, այլ 6,4 տոկոսով:

Միաժամանակ, գիտնականները դեռ պետք է պատասխանեն մի շարք հարցերի: Առաջին՝  պարզ չէ, թե ժամանակի ընթացքում խորշերն արդյոք նորմային վերադառնում են, եւ երկրորդ՝ դրանց ծավալի մեծացումն արդյոք ազդում է տիեզերագնացների ուղեղի աշխատանքի եւ առողջության վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (PNAS) ամսագրում:



© NEWS.am Medicine