«Գարդասիլի» շուրջ կրքերը չեն մարում. ո՞ւմ է ձեռնտու ապատեղեկատվության տարածումը

16:40   21 մայիսի, 2019

«Գարդասիլի» (մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ) շուրջ կրքերը չեն մարում։ ԶԼՄ-ներում նորից հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը 203 հազար դոլարի գրանտ է ստացել «Գարդասիլի» տարածման նպատակով։ Այնինչ, Հայաստանի առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշում է. խոսքը 2016-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է։

Մայիսի 21-ի մամուլի ասուլիսում Սահակյանն ասաց, որ գրանտը տրամադրվել է Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ դաշինքի (GAVI) կողմից։ «Բազմաթիվ քննարկումների արդյունքներով՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ եւ այն ժամանակվա նախարար Արմեն Մուրադյանի համաձայնությամբ, ընդունվեց որոշում ընդունելու GAVI-ի առաջարկությունը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ գրանտը նախատեսվում էր ուսումնական պարապմունքների, համապատասխան խորհրդատվությունների կազմակերպման, տպագիր արտադրանք հրապարակելու նպատակով բուժաշխատողների համար, որն ուղղված կլիներ բնակչության իրազեկման բարձրացմանը։ Այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեին Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրմանն ընդառաջ։

Սահակյանը զարմանք է հայտնել այն փաստից, որ 2017 թվականին այս գրանտի շուրջ այսքան քննադատական քննարկումներ չեն եղել, ինչպես այսօր, թեեւ դրա մասին տեղեկությունը ժամանակին տեղադրվել է GAVI-ի պաշտոնական կայքում։ «Ես չեմ հասկանում, թե ինչով են առաջնորդվում մարդիկ՝ հին տեղեկությունը որպես նոր ներկայացնելով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ դաշինքը պատվաստման հաջող փորձ ունեցող երկրներին տրամադրում է հնարավորություն՝ ձեռք բերելու պատվաստանյութեր իջեցված գներով։ Օրինակ, եթե «Գարդասիլի» մեկ չափաբաժնի շուկայական գինը 70-100 դոլար է, ապա, շնորհիվ GAVI-ի, Հայաստանը կարող է այն գնել 4,5 դոլարով (եթե, իհարկե, հանրապետությունը որոշում ընդունի շարունակել պատվաստման ծրագիրը եւ սկսի գնել այդ պատվաստանյութը)։

Հայաստանում Գարդասիլ-4 մարդու պապիլոմա վիրուսի չորս շտամների դեմ 2017 թվականի դեկտեմբերից ստացել է 5500 մարդ։ Հանրապետությունում ներկա պահին կա պատվաստանյութի մոտ 29 հազար չափաբաժին մինչեւ հոկտեմբերի կես պիտանիության ժամկետով։ Չօգտագործված պատվաստանյութերը կվերացվեն համաձայն երկրում ընդունված արձանագրությունների եւ կանոնների։



© NEWS.am Medicine