Վարժություններ եւ հակաօքսիդանտներ. Գիտնականները պարզել են, թե ինչ է հարկավոր ուղեղը տկարամտությունից պաշտպանելու համար

09:36   23 մայիսի, 2019

Գիտնականների միջազգային խումբը պարզել է այն մեխանիզմները, որոնց միջոցով ֆիզիկական վարժությունները եւ հակաօքսիդանտները բարելավում են կոգնիտիվ ունակությունները եւ դանդաղեցնում ուղեղի ծերացումը:

Հետազոտողները PNAS ամսագրում վարկած են առաջ քաշել, որի համաձայն՝ թեթեւ ֆիզիկական վարժությունները նպաստում են հիպոկամպում (հիշողության կենտրոնում) նեյրոգենեզին, իսկ աստակսանտինի հակաօքսիդանտային հավելումը այդ ազդեցությունը մեծացնում է: Ընդ որում՝ հակաօքսիդանտների ազդեցությունը միջնորդավորված է h-LEP (հիպոկամպի լեպտին) նեյրոտրոֆիկ գործոնով:

Գիտնականներն իրենց ենթադրությունը ստուգել են մկների, ինչպես նաեւ մարդու ուղեղի բջջային գծերի վրա կատարած փորձերով:

Ինչպես հայտնի է, առանձին-առանձին ֆիզիկական վարժությունները եւ հակաօքսիդանտների ընդունումը խթանում են հիշողությունը, ինչն օգտակար է Ալցհեյմերի հիվանդությամբ եւ այլ նեյրոդեգեներատիվ վիճակներով տառապող պացիենտների համար: Սակայն գիտնականները պարզել են, որ այս միջամտությունների համադրումը է՛լ ավելի բարերար արդյունք է ունենում: Ընդ որում՝ մուտանտ մկների մեջ լեպտինի դեֆիցիտը չեղարկում է վարժությունների եւ աստակսանտինի համադրման ազդեցությունը, ինչը ցույց է տալիս այս հորմոնի առանցքային դերը:

Հետազոտողների խոսքով՝ վարժություններն ու հակաօքսիդանտները արդյունավետ ոչ դեղագործական ռազմավարություն են ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների եւ առողջության բարելավման, ինչպես նաեւ նեյրոդեգեներատիվ պրոցեսների դանդաղեցման համար:



© NEWS.am Medicine