67 կազմակերպություն լիցենզիա է ստացել՝ չունենալով անհրաժեշտ սարքավորումներ. ի՞նչ խախտումներ է պարզել Հաշվեքննիչ պալատը

13:28   22 մայիսի, 2019

Հայաստանի Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է 5 հիմնական խախտում կազմակերպությունների լիցենզավորման գործընթացն ուսումնասիրելիս, որոնք աշխատում են առողջապահության ոլորտում (բացի դեղատներից)։ Դրանց մասին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։

Հայտնաբերված առաջին խնդիրը վերաբերում է բուժսարքավորման ծառայության ժամկետին, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հաստատածին, որպեսզի արտոնագիր ստանալու հայտ ներկայացրած կազմակերպությունները չներկայացնեն հին, օգտագործման համար անպիտան սարքավորումներ։ Լիցենզավորող մարմինը, ինչպես նշեց Դավիթ Չիբուխչյանը, պետք է գնահատի հայտատուի մոտ սարքավորման առկայությունը՝ համաձայն կառավարության 2020 թվականի թիվ 1930 որոշման, որում ներկայացված են յուրաքանչյուր ոլորտին անհրաժեշտ սարքավորումների ցուցակները։

Հաշվեքննիչ պալատը, սակայն, նշել է, որ սարքավորման ծառայության ժամկետները սահմանված չեն, ուստի կա ռիսկ, որ հայտատուները կարող են ներկայացնել հնացած սարքավորում։ Ուստի, պալատը առաջարկում է ձեւակերպել իրավաբանական փաստաթուղթ, որում կնշվեն բուժսարքավորման օգտագործման ժամկետները։

Երկրորդ խնդիրը, որը հայտնաբերվել է ստուգումների ժամանակ, վերաբերել է փաստաթղթերի տրամադրման հարցին, որոնք վկայում են արտոնագիր ստացող կազմակերպությունում աշխատել պատրաստվող մասնագետների որակավորմանը։ Համաձայն ներկա կարգի՝ կազմակերպությունը միայն արտոնագիր ստանալուց հետո, գործունեությունն սկսելուց հետո 5 օրվա ընթացքում, պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր իր աշխատակիցների որակավորման մասին։ Մոտեցումը պալատը համարում է անարդյունավետ։

Ավելին, հետազոտելով 400 արտոնագիր, որոնք տրվել են հաշվետու ժամանակաշրջանում, պալատը հայտնաբերել է 267 դեպք, երբ նշված փաստաթղթերը առհասարակ չեն եղել։ Սա նշանակում է, որ կամ արտոնագիր ստացող կազմակերպությունն այդպես էլ չի սկսել աշխատել, կամ սկսել է աշխատել, բայց այդպես էլ չի ներկայացրել իր աշխատակիցների որակավորման փաստաթղթերը (այս դեպքում արտոնագրի գործողությունը պետք է դադարեցնել)։

Աուդիտորական պալատի ներկայացուցիչները պարզել են, որ Հայաստանում որոշ կազմակերպություններ իրոք սկսել են իրենց գործունեությունն առանց նշված փաստաթղթերը ներկայացնելու։ Ավելին, դրանցից որոշները անգամ ֆինանսական միջոցներ են ստացել պետպատվերի շրջանակում։

Երրորդ խնդիրը, որը հայտնաբերվել է աուդիտի ընթացքում, վերաբերում է մասնագետների որակավորմանը։ Համաձայն ընդունված կարգի՝ պետք է հանձնաժողովներ գումարվեն, որոնք պետք է զբաղվեն հարցով, բայց երկրում դա չի արվում, կազմակերպությունների ստուգման գործընթացը մինչեւ արտոնագրի տրամադրումը ենթադրում է միայն փաստաթղթերի, այլ ոչ թե մասնագետների ստուգում։

Չորրորդ խնդիրը վերաբերում է արտոնագրող հանձնաժողովների գործունեությանը. հայտերի ուսումնասիրման ընթացքում հաճախ պարզվում է, որ հայտատու կազմակերպությունը չունի գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորում, օրինակ՝ ախտահանման սենյակում չկա ախտահարող սարքը, կամ էլ ռենգտեն կաբինետում չկա պաշտպանիչ սարք աշխատակիցների համար։ Կանոնների համաձայն՝  այդպիսի կազմակերպությունները չպետք է արտոնագիր ստանան։ Բայց իրականում դրանց մի մասը արտոնագիր ստանում է։ Պալատը պարզել է 67 դեպք, երբ արտոնագրման գործակալությունը որոշել է, որ հայտատուի պայմանները չեն համապատասխանում պահանջներին, բայց հանձնաժողովը փակ անանուն քվեարկությամբ այդ կազմակերպություններին տվել է արտոնագիր։

Հինգերորդ խնդիրը  վերաբերում է հայտատու կազմակերպությունների ընտրովի ստուգմանը։ Ինչպես նշեց Դավիթ Չիբուխչյանը, հայտատուների 80 տոկոսին, համաձայն կարգի, ստուգում են, 20 տոկոսին՝ ոչ։ Ընդ որում՝ անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ընտրվում, ում են ստուգելու, իսկ ում՝ ոչ։ Ինչեւէ, այս մոտեցումը պալատը համարել է սխալ. քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին եւ առողջությանը՝ բոլոր կազմակերպությունները, որոնք պատրաստվում են աշխատել առողջապահության ոլորտում, պետք է ստուգվեն պարտադիր։

Ինչպես նշեց Չիբուխչյանը, բոլոր 5 ուղղություններով պալատը առաջարկություններ է արել, որոնք կօգնեն արդյունավետորեն կազմակերպել արտոնագրման գործընթացը։



© NEWS.am Medicine