«Երկիրը ձե՛ր կարիքն ունի». Եվրոպայում սկսվել է սերմնահեղուկի դոնորության գովազդային արշավ

18:15   23 մայիսի, 2019

Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները հուսահատ քայլի են դիմել, որպեսզի սերմնահեղուկի դոնորներ ներգրավեն։

Հաշվի առնելով այն, որ այդ երկրներում սերմնահեղուկի դոնորությունը չի վճարվում, կարգավորողները ստիպված են եղել կամավորների ներգրավելու նոր միջոց մտածել։ «Մինուս» նշանով եւս մեկ հանգամանք. 2005 թվականից բրիտանացի եւ ավստրալացի դոնորները կորցրել են անանուն մնալու իրավունքը։ Այսպիսով, տղամարդը պետք է ոչ միայն համաձայնի անվճար կենսաբանական հայրությանը, այլեւ պատրաստ լինի այն բանին, որ 18 տարեկանը լրանալուն պես երեխան կապի մեջ կարող է մտնել նրա հետ։

Այնինչ, երկու երկրների իշխանությունները լայնածավալ գովազդային արշավ են սկսել, որում դոնորները ներկայանում են որպես հերոսներ։ Այդ նպատակի համար ստեղծվել են ռազմական ժամանակների ոգով պաստառներ, ինչպես նաեւ պոստերներ, որոնցում դոնորությունը համեմատվում է զուտ տղամարդկային այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսին է, օրինակ, հրշեջը։

Հետաքրքիր է, բայց «առնական» պաստառները, որոնցում սերմնահեղուկի դոնորները անվանվում են հերոսներ եւ իսկական տղամարդիկ, իսկապես օգնել են լուծել խնդիրը։ Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ավստրալիայում սերմնահեղուկի դոնորների թիվը զգալիորեն ավելացել է այսքան արտասովոր ագիտացիոն արշավից հետո։



© NEWS.am Medicine