Առաջին անգամ վիրաբուժության պատմության մեջ. կերակրափողի քաղցկեղի հեռացման վիրահատության 360 աստիճանանոց տեսանկարահանում (ֆոտո, վիդեո)

13:15   23 մայիսի, 2019

Վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ կերակրափողի քաղցկեղի հեռացման վիրահատությունը նկարահանվել է 360 աստիճանանոց տեսախցիկների օգնությամբ։ Վիրահատությունը տեւել է 7 ժամ եւ կատարվել Սաութհեմփթոնի (Մեծ Բրիտանիա) Համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Թիմ Անդերվուդի գլխավորությամբ։

Պացիենտը՝ 66-ամյա Ջանեթ Ջենքինսը, խոստովանել է, որ ցնցվել է՝ տեսնելով իր վիրահատության ունիկալ տեսանյութը։ Բժիշկները նշում են, որ 360 աստիճանանոց վիդեոն արվել է այն բանի համար, որպեսզի ցայտուն ցույց տա վիրահատարանում տիրող մթնոլորտը։ Տեսանյութն իրականություն է դարձել շնորհիվ քաղցկեղի ուսումնասիրման Cancer Research UK բարեգործական կազմակերպության աջակցության։

Վիրահատության առաջին փուլի ընթացքում  վիրահատվել է ստամոքսը՝ ուռուցքը եւ լիմֆատիկ հանգույցները հեռացնելու, ինչպես նաեւ կերակրափողի տրանսպլանտատի ձեւավորման համար։ Երկրորդ փուլում կերակրափողը մասամբ հեռացվել է, իսկ հետո՝ վերաձեւավորվել։ Վիրաբույժները նշում են, որ տեսանյութը կարող է օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ։

Տեսանյութի ամբողջական տարբերակը հասանելի է բջջային սարքերում։

Source: The Daily Mail



© NEWS.am Medicine