ՄՊՎ-ի դեմ տղաների պատվաստումը կօգնի կանխել արգանդի վզիկի քաղցկեղի ավելի մեծ թվով դեպքեր, քան աղջիկների պատվաստումը. Նոբելյան դափնեկիր

14:28   23 մայիսի, 2019

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ տղաների պատվաստումն անգամ ավելի կարեւոր է եւ նպատակահարմար, քան աղջիկներին պատվաստելը. եթե պատվաստեն միայն 9-13 տարեկան տղաներին, հնարավոր կլինի կանխել արգանդի վզիկի քաղցկեղի ավելի մեծ թվով դեպքեր, քան նույն տարիքի միայն աղջիկներին պատվաստելու միջոցով: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց գերմանացի գիտնական, 2008 թվականի բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ ցուր Հաուզենը:

Նրա խոսքով՝ բանն այն է, որ տղաներն ավելի մեծ թվով սեռական զուգընկերներ ունեն, եւ հենց նրանք են դառնում աղջիկների շրջանում վիրուսի գլխավոր տարածողները: Եթե տղաների մեծ մասը պատվաստվի, նրանք իրենք չեն վարակվի ՄՊՎ-ով եւ չեն վարակի իրենց զուգընկերուհիներին, այսպիսով՝ դա կօգնի կանխել արգանդի վզիկի քաղցկեղի շատ նոր դեպքեր, որի զարգացումը կապված է այս վիրուսի մի քանի շտամների հետ:

Հենց Հարալդ ցուր Հաուզենն է գրեթե 3 տասնամյակ առաջ հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ պապիլոմա վիրուսների դերը: Նրա խոսքով՝ ինքն այդ հետազոտության վրա երկար է աշխատել, մինչեւ 2 ուսանողների հետ քաղցկեղային բջիջներից չի չեզոքացրել մարդու պապիլոմա վիրուսը եւ չի կարողացել ապացուցել այդ վիրուսի ու քաղցկեղի միջեւ կապը: Ավելի ուշ պարզվել է, որ այս վիրուսը կապված է նաեւ քաղցկեղի մի քանի այլ տեսակների հետ:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա նա չի աշխատել, բայց պատվաստումը համարում է չափազանց կարեւոր, մանավանդ տղաների համար։

Հայաստան կատարած այցելության շրջանակում Հարալդ ցուր Հաուզենն այցելել է Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարան, որտեղ դասախոսություն է կարդացել ուսանողների եւ դասախոսների համար՝ ներկայացնելով վարակիչ հիվանդությունների եւ քաղցկեղի միջեւ կապը, չէ՞ որ ՄՊՎ-ն բնավ էլ միակ վիրուսը չէ, որը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել։

Հայաստանը, նրա խոսքով, իրեն շատ դուր է գալիս, թեեւ առայժմ քիչ բան է հասցրել տեսնել։ Խոսելով Հայաստան երկրորդ հնարավոր այցելության մասին՝ նա ժպտացել է. «Ես դեռ շատ երիտասարդ եմ, այնպես որ՝ ամեն բան հնարավոր է»։



© NEWS.am Medicine