14 մատով ծնված աղջիկը ենթարկվել է բնածին արատի հեռացման վիրահատության

21:30   23 մայիսի, 2019

Չինաստանից 3-ամյա աղջիկը ծնվել է 14 մատով, ինչը, բժիշկների խոսքով, բավականին հազվադեպ է պատահում:

Զարգացած երկրներում սովորաբար ավելորդ մատները հեռացվում են մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը: Սակայն աղջկա (ում անունը չի հրապարակվում) ծնողները անչափ աղքատ էին եւ երկար ժամանակ չէին կարողանում վճարել այդ արատի հեռացման վիրահատության համար: Վերջապես փրկարար վիրահատությունը կատարվել է Շենյանի Բժշկական քոլեջի հիվանդանոցում (Չինաստան): Ավելորդ մատների հեռացումից բացի, բթամատի ոսկորներն ուղղել են հատուկ մետաղական ձողերի միջոցով:

Վիրաբույժները խոստացել են, որ վիրաբուժական միջամտությունը բացասաբար չի անդրադառնա ձեռքերի դաստակների ֆունկցիայի վրա:

Պոլիդակտիլիան անատոմիական շեղում է, որին հատուկ են ոտքերի եւ ձեռքերի նորմայից ավելի մեծ թվով մատները: Ըստ վիճակագրության՝ պոլիդակտիլիայով է տառապում 700-1000 նորածնից մեկ երեխա: Ուշագրավ է, որ չինացի աղջկա դեպքում այս շեղումը փոխանցվել է գենետիկ մակարդակում եւ նրա ընտանիքում հանդիպել է 5 սերունդի ընթացքում:



© NEWS.am Medicine