Պարկինսոնի հիվանդության դեմ դեղամիջոցից տղամարդն անսպասելիորեն դարձավ խաղատան մշտակյաց

12:05   24 մայիսի, 2019

Պարկինսոնի հիվանդության դեմ դեղամիջոցները միշտ չէ, որ անվնաս են, ինչպես թվում են առաջին հայացքից։ Մասնագետները նշում են, որ իրականում պացիենտները տեղեկացված չեն այդ դեղերի օգտագործման քիչ հայտնի, բայց եւ բավական տարօրինակ կողմնակի ազդեցությունների մասին։ Դրանք են, մասնավորապես, կախվածությունը մոլախաղերից, հիպերսեքսուալությունը եւ հախուռն գնումները։

Հոգեկան առողջության ինստիտուտի (UMHRI, Աթենք, Հունաստան) մասնագետների թեմատիկ հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։ Որպես օրինակ հոդվածում ներկայացվել է 74-ամյա տղամարդու պատմությունը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ հինգ տարի։ Դեղերի ընդունումն սկսելուց մեկ ամիս անց նրա մոտ խաղատներից պաթոլոգիական կախվածություն առաջացավ։ Մոլախաղերի հակումն այնքան ուժեղ էր, որ անունը չնշած տղամարդը օր անգամ չէր կարողանում ապրել առանց խաղատուն գնալու, ընդ որում՝ հանուն դրա զոհաբերելով քունն ու շփումը մերձավորների հետ։ Նշվում է, որ կախվածությունն անհետացել է դեղամիջոցների ընդունումը դադարեցնելուց հետո։

Փորձագետների կարծիքով՝ նման կախվածությունը կարող է ուղղակիորեն կապված լինել դոֆամինի հետ, որի պակասն զգացվում է Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։ Այս հորմոնը մասնակցում է ուղեղի պրոցեսներին եւ պատասխանատու է պարգեւատրման եւ մոտիվացիայի համար։ Գիտնականները չեն բացառում, որ պրամիպեկսոլ դեղամիջոցը, որը կիրառվում է Պարկինսոնի հիվանդության բուժման ժամանակ, խթանում է D3 դոֆամինային ռեցեպտորը։

Կարծիք կա, որ D3-ը կարեւոր դեր է խաղում ֆիզիոլոգիական եւ հուզական ռեակցիաների մոդուլավորման մեջ։ Այնինչ, դրա խթանումը կարող է հարակից միջուկի եւ ճակատային կեղեւի միջեւ փոխգործակցության խախտման պատճառ դառնալ։

Հույն մասնագետների գնահատմամբ՝ մոլախաղերից կախվածությունից տառապում է դոֆամինի ագոնիստներ կիրառող պացիենտների 2-8 տոկոսը։ Ընդ որում՝ այս կողմնակի ազդեցության առաջացման ամենամեծ ռիսկը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում, որոնց մոտ Պարկինսոնի հիվանդությունն ուղեկցվում է հոգեկան խանգարումներով։



© NEWS.am Medicine