Որքանո՞վ է «թեթեւ» ծխախոտն անվտանգ սովորականից

16:55   26 մայիսի, 2019

«Թեթեւ» ծխախոտը, անանուխինը եւ որոշ այլ տեսակներ մատուցվում են որպես պակաս վտանգավոր այլընտրանք սովորականի հանդեպ։ Արդյո՞ք այդպես է։

Իրականում «թեթեւ» սիգարետների բոլոր տեսակները եւ զտիչով սովորականները միանման վտանգավոր են առողջության համար, ինչպես տեղեկացրել են գիտնականները Ամերիկյան կրծքավանդակային հիվանդությունների ասոցիացիայի կոնֆերանսում։

1950-ական թվականներից սիգարետները մի քանի փոփոխությունների եւ մոդիֆիկացիաների են ենթարկվել, ներառյալ զտիչը եւ խեժի պարունակության պակասեցումը։ Բայց ծխելը դեռեւս թոքի քաղցկեղի եւ դրանից մահվան դեպքերի ավելի քան 90 տոկոսի պատճառն է։ Ավելին, դա նաեւ կապված է քաղցկեղի շատ այլ տեսակների, ինչպես նաեւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հետ, ընդ որում՝ բոլոր սիգարետները գրեթե միանման վնասակար են։

Հետաքրքիր է, որ, ինչպես պարզել են գիտնականները, չկա հատուկ տարբերություն այն մարդկանց մահացությունների միջեւ, որոնք ծխում են սովորական եւ «թեթեւ»/գերթեթեւ» ծխախոտներ. նրանք նույն հաճախակիությամբ հիվանդացել են թոքի քաղցկեղով եւ մահացել։

Իհարկե, թեթեւ սիգարետները ավելի քիչ են կախվածություն առաջացնում, դրա համար էլ ծխողների համար ավելի հեշտ է թողնել ծխելը։ Մյուս կողմից՝ նման սիգարետներ ծխողները, վստահ լինելով, որ դրանք անվտանգ են, հազվադեպ են մտածում ծխելը թողնելու մասին։

Ավելի վտանգավոր է, ըստ հետազոտությունների, առանց զտիչի սիգարետներ ծխելը. ինչպես պարզել են Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի գիտնականները (Չառլսթոն, ԱՄՆ), նրանք, ովքեր առանց զտիչի սիգարետ են ծխում, 40 տոկոսով ավելի շատ են ենթակա թոքի քաղցկեղով հիվանդանալուն։  Իսկ մահվան հավանականությունը բարձրանում է 30 տոկոսով։

Ծխած սիգարետների քանակը նույնպես այնքան կարեւոր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Քլիվլենդի կլինիկայի գիտնականները պարզել են, որ քիչ ծխող մարդիկ (ոչ ավելի, քան ամիսը 15-50 հատ)  72 տոկոսով ավելի հաճախ են մահանում այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխում։



© NEWS.am Medicine