Տիզերը կարող են նախկինում գիտությանն անհայտ վիրուս փոխանցել

15:44   3 հունիսի, 2019

Չինացի գիտնականները ոչ մխիթարական բացահայտում են արել. տիզերը կարող են նախկինում գիտությանն անհայտ վիրուս փոխանցել: Վիրուսը Alongshan անվանումն է ստացել Չինաստանի հյուսարեւելյան քաղաքի պատվին, որըեղ հայտնաբերվել են առաջին տուժողները:

Առաջին հիվանդը դարձել է Ներքին Մոնղոլիա  շրջանից 42-ամյա ֆերմերը, որի մոտ 2017-ի ապրիլին տիզի կծելուց հետո սկսվել էր տենդ, գլխացավ եւ սրտխառնոց: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նա վարակված է վիրուսով, որը գենետիկ մակարդակում տարբերվում է  գիտությանը հայտնի մյուս վիրուսներից:

Հետագա 5 ամիսներին նմանատիպ ախտանիշներով բժիշկներին դիմել է եւս 86 մարդ, ընդ որում որոշ դեպքերում հիվանդները կոմայում են հայտնվել: Տուժածներին միավորել է այն, որ նրանք բոլորը անտառային տնտեսության ֆերմերներ կամ աշխատակցիներ են եղել:

Բոլոր հիվանդներին հակավիրուսային եւ այլ դեղերի համակցություն է նշանակվել: Միջինում նրանք 10-14 օրվա ընթացքում ստացիոնար բուժում են անցել, հիվանդության նախանշաններն անհետացել են թերապիայի 6-8-րդ օրը:

Նշվում է, որ տուժածների մոտ հետագայում երկարատեւ բարդություններ չեն զարգացել:

Նախնական վարկածով՝ վիրուսի փոխանցող է համարվում տայգայի տիզը, որը հանդիպում է Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Մոնղոլիայում եւ Ռուսաստանում:

Բացառված չէ, որ Alongshan-ը, որը նախկինում դարձել էր անհայտ տենդային հիվանդության պատճառ, կարող են փոխանցել նաեւ մոծակները:

Հետազոտության արդյունքները հրապարկվել են New England Journal of Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine