Գիտնականները սկսել են կասկածել թռչնամսի օգտակարությանը

11:00   6 հունիսի, 2019

Գիտնականները թռչնամիսը համեմատել են կարմիր մսի հետ եւ անսպասելի հայտնագործություն կատարել՝ մսի երկու տեսակն էլ միատեսակ մեծացնում են խոլեստերինի մակարդակը:

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել 21-ից մինչեւ 65 տարեկան 113 մարդու մասնակցությամբ: Փորձարկվողները խմբերի են բաժանվել՝ ելնելով հագեցած ճարպերի գործածման մակարդակից: Կամավորները 4 շաբաթ պետք է սնվեին 3 տարբեր սննդակարգերով՝ կարմիր մսի, թռչնամսի, բանջարեղենի ու լոբազգիների գործածմամբ:

Փորձի մասնակիցները սննդակարգերի միջակայքում արյան անալիզ են հանձնել: Պարզվել է, որ ինչպես կարմիր միսը, այնպես էլ թռչնամիսը միատեսակ մեծացրել են «վատ» խոլեստերինի մակարդակը, ընդ որում՝ այս պատկերը դիտվել է անկախ սննդակարգում հագեցած ճարպերի պարունակությունից: Սա, իր հերթին, մեծացնում է սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:



© NEWS.am Medicine