Հայաստանում հազարավոր օնկոհիվանդներ են մահանում՝ չստանալով ցավամոքիչ օգնություն

17:27   6 հունիսի, 2019

Ինչպես հայտնի է, ցավամոքիչ օգնությունն ուղղված է ծանր հիվանդ մարդկանց կյանքի որակի բարելավմանը, որոնք տառապում են ուժեղ ցավից։ Նրանց թվում են ուժեղ ցավ զգացող օնկոհիվանդները, մանավանդ կյանքի վերջին ամիսներին։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգիան նշում է. ամեն տարի Հայաստանում մոտ 8 հազար մարդ մահանում է քաղցկեղից։ «Նրանց 80 տոկոսը մահանում է ուժեղ ցավի առկայությամբ եւ կարիք ունի օպիոիդ ցավազրկողների»,- ասել է նա հունիսի 6-ի մամուլի ասուլիսում։ Այնինչ, օպիոիդ դեղերի քանակությունը Հայաստանում բավարար չէ։ «Անգամ եթե միացնենք առկա բոլոր դեղամիջոցները, ապա ցավամոքիչ օգնություն կարող է ստանալ քաղցկեղից մահացողների միայն 2 տոկոսը»,- ասել է Գոգիան։

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ուժեղ ցավի պարագայում պացիենտները զրկվում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից։ Ցավային ախտանշանը վերահսկողության տակ պահել օգնում է մորֆինը, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել այն ցավը բուժելու համար։

Գոգիան նշում է, որ ցավամոքիչ օգնության ներդրման գործում Հայաստանի կառավարությունը զգալի ավանդ ունի, հատկապես օրենսդրական նախաձեռնությունների տեսակետից։ Բայց օպիոիդ ցավազրկողների նշանակման ժամանակ օնկոլոգները Հայաստանում շարունակում են ղեկավարվել 1994-ի հնացած կանոնակարգով՝ անտեսելով նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող երաշխավորությունները։

«Համաձայն ընդունված չափորոշիչների՝ քաղցկեղով հիվանդը պետք է իր կյանքի վերջին 90 օրում ընդունի ցավի օպիոիդ բուժում։  Բայց հայ բժիշկները շարունակում են այդ դեղամիջոցներն ընդունել որպես մահացող հիվանդի վերջին մի քանի օրը թեթեւացնող միջոցներ»,- նշել է նա։



© NEWS.am Medicine