Վիրաբույժները հեռացրել են 9-ամյա աղջկա շնչուղիներում հայտնված ատամը

12:00   12 հունիսի, 2019

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Թուրքիայում. 9-ամյա աղջկա շարժվող կաթնատամը հայտնվել է շնչուղիներում: Տագնապ են բարձրացրել նրա ծնողները, որոնք առավոտյան հայտնաբերել են ատամի բացակայությունը:  

Clinical Case Reports International ամսագրում հրապարակված հաշվետվության համաձայն՝ հետազոտելիս բժիշկները հայտնաբերել են, որ երեխայի ձախ թոքը չի գործում այնպես, ինչպես պետք է: Ռենտգենը ցույց է տվել շնչուղիներում օտար մարմնի առկայություն: Ատամը հանվել է վիրաբուժական ճանապարհով, եւ երեխայի առողջությանը ոչ մի բան չի սպառնում:

Նշվում է, որ ծնողների ժամանակին արձագանքելն օգնել է փրկել պացիենտի կյանքը, ում անունը չի հրապարակվում: Շնչուղիներում օտար մարմնի ասպիրացիան (FBA) չափազանց վտանգավոր է, հատկապես 3 տարեկանից փոքր մանուկների համար: Այն կարող է առաջացնել շնչահեղձություն կամ գիտակցության կորուստ, թոքերի աբսցես կամ թոքաբորբ: Մասնագետների կարծիքով՝ FBA-ի վտանգավորության մասին ծնողների տեղեկացվածությունը չափազանց կարեւոր է մանկական մահացության ցուցանիշների նվազեցման տեսակետից:



© NEWS.am Medicine