Ինչո՞ւ չի կարելի քնել՝ հեռուստացույցը միացրած թողնելով

23:41   12 հունիսի, 2019

Մարդիկ, ովքեր հեռուստացույցը քնելիս միացրած են թողնում կամ քնում են արհեստական լուսավորության ներքո, հաճախ են տառապում ավելորդ քաշով եւ ճարպակալման խնդրով: Այս մասին ասվում է ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում:

Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 43 722 կանանց տվյալները, որոնք ստացվել են Sister Study հետազոտության ընթացքում, որն էլ իր հերթին ուսումնասիրել է կրծքագեղձի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ռիսկի գործոնները: Մասնակիցները եղել են 35-74 տարեկան, նրանք չեն տառապել քաղցկեղով կամ սրտի հիվանդություններ չեն ունեցել, նրանցից ոչ մեկ չի աշխատել գիշերային ժամերին: Բացի այդ, նրանք պատասխանել են այն հարցին, թե ինչ լուսավորության ներքո են քնում:

Պարզվել է, որ կանայք, ովքեր քնել են հեռուստացույցը միացրած վիճակում կամ լույսի այլ աղբյուրի ներքո, առնվազն 5 կգ քաշ են հավաքել 5 տարվա ընթացքում՝ ի տարբերություն նրանց, ովքեր քնել են մթության մեջ: Իսկ ճարպակալման ռիսկ է առաջացել նրանց մոտ, ովքեր չեն անջատել հեռուստացույցը կամ լույսը:

«Էվոլյուցիոն տեսանկյունից մենք պետք է քնենք գիշերը, մութ վայրում: Դա չափազանց կարեւոր է»,- պնդում է հետազոտության հեղինակ Դեյլ Սանդլերը:

Գիտնականների խոսքով՝ լույսի եւ մթության ազդեցությունը նպաստում է նյութափոխանակությանը, քնի հորմոններին, զարկերակային ճնշմանն ու մարդու օրգանիզմի այլ գործառույթներին:

Հեղինակները պնդում են, որ տղամարդկանց մոտ կարելի է նույն արդյունքները սպասել, սակայն այդ հետազոտությանը տղամարդիկ չեն մասնակցել:   



© NEWS.am Medicine