Ի՞նչ անել, եթե ձեզ օձը խայթել է. Պարզաբանում է ԱԻՆ ներկայացուցիչը

13:49   12 հունիսի, 2019

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է: Հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ օձերի մասին 233 հաղորդում է ստացվել, հաջողվել է հայտնաբերել 117 օձ, որոնցից 34-ը՝ թունավոր: Խանգելդյանը նշեց, որ օձերը, այդ թվում՝ ոչ թունավոր, խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի ընդհանուր 21 տեսակ, որոնցից միայն 4-ն են թունավոր (իժի 3 տեսակ եւ գյուրզայի 1 տեսակ):

Փորձագետը տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման եւ բազմացման ժամանակը: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, ինչպես նաեւ գյուղատնտեսական հանդերում: Իսկ եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել եւ նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից եւ 9-11 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել:

Ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է: Խանգելդյանի խոսքով՝ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը, լարան դնել արյան հոսքի սահմանափակման համար եւ բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:

Ըստ օրգանիզմի վրա ազդեցության՝ օձի թույնը կարող է ունենալ նեյրոտոքսիկ (կանգնեցնում  է նեյրոմկանային փոխանցումը) եւ հեմովազոտոքսիկ (առաջացնում է անոթային սպազմ) ներգործություն: Մինչդեռ ժամանակին ցույց տրված բուժօգնությունը թույլ կտա խուսափել մահվան ելքից:



© NEWS.am Medicine