Հայաստանում ավելացել են ալկոհոլային թունավորման դեպքերը

15:40   12 հունիսի, 2019

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 773 դեպք, որի արդյունքում տուժել է  772 մարդ, երկուսը`մահացել են: Այս մասին հունիսի 12-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալկոհոլային թունավորման ցուցանիշները մի փոքր բարձրացել են:

Այսպիսով՝ 2018 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 612 դեպք, տուժողների թիվը կազմել է 616 մարդ, մահացել է մեկ մարդ: Ավելացել են նաեւ դեղերից  թունավորման դեպքերը` 495-ը 444-ի դիմաց, մահացել է 2 մարդ, իսկ մեկ տարի առաջ` մեկ մարդ:

Խանգելդյանը հայտնեց, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը գրանցվել է քիմիական նյութերով թունավորման 311 դեպք, շմոլ գազից՝ 175 դեպք, բնական գազից՝ 87 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպքերի թիվը կազմել է համապատասխանաբար 239, 115 եւ 45): Մինչդեռ սննդային թունավորման մասով արձանագրվել է ցուցանիշների մի փոքր անկում (86 դեպք եւ 111 տուժող՝ 103 դեպքերի եւ 132 տուժողների դիմաց):

Փորձագետը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքների եւ ըմպելքիների որակին, հատկապես դրանց պիտանելիության ժամկետին եւ կասկածելի ծագման սննդամթերք չգնել:

Բացի այդ հաշվի առնելով շոգ եղանակը եւ պիկնիկների շրջանը, չի կարելի անտեսել սննդամթերքների պահպանման նորմերը:



© NEWS.am Medicine