14-ամյա աղջկա ստամոքսից հանել են տապիոկայի 100 գունդ

20:05   13 հունիսի, 2019

Չինաստանից 14-ամյա աղջկա ստամոքսից հանել են տապիոկայի 100-ից ավելի գունդ: Պարզվել է, որ նա վերջին շրջանում գրեթե ամեն օր խմել է ասիական հանրահայտ ոչ ալկոհոլային ըմպելիք՝ տապիոկայի գնդերով թեյ: Աղջկա օրգանիզմը չի կարողացել մարսել գնդերը, եւ դրանք կուտակվել են ստամոքսի մեջ:

Տապիոկայի գնդերով թեյը փրփուրով ըմպելիք է, որին ավելացնում են տապիոկայից պատրաստված գնդեր: Այս ըմպելիքը հիմա շատ տարածված է աշխարհի շատ երկրներում, եւ աղջիկը, ում անունը չի հրապարակվում, նույնպես սիրում էր այն խմել:

Մի օր ծնողները նրան բերել են հիվանդանոց, քանի որ նա արդեն 5-րդ օրն անընդմեջ տառապում էր փորկապությունից: Հետազոտությունները ցույց են տվել, որ աղջկա մոտ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջացել. օրգանիզմը չէր մարսում տապիոկայի գնդերը, եւ դրանք պարզապես շարունակում էին կուտակվել փորի մեջ:

Այս խնդրի լուծման համար պահանջվել է վիրաբուժական միջամտություն.  Վիրահատության ժամանակ բժիշկները աղջկա ստամոքսից հանել են տապիոկայի 100-ից ավելի գնդեր: Որոշ ժամանակ անց աղջիկն առողջացել է եւ հիվանդանոցից դուրս գրվել:

Տապիոկայի գնդերը, որոնք պատրաստում են հարավամերիկյան բույսերի չորացված արմատներից, սովորաբար ունեն մածուցիկ կազմություն: Մարդկանց մեծամասնությունը գնդերը նորմալ մարսում է, բայց այս պատմությունը ցույց է տալիս, որ այս հանրահայտ ըմպելիքի որոշ երկրպագուների մոտ դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել:



© NEWS.am Medicine