Ուգանդայում Էբոլա տենդը խլել է արդեն երկրորդ կյանքը. Մահացել է առաջին զոհի տատիկը

15:30   13 հունիսի, 2019

Ուգանդայում գրանցվել է Էբոլա տենդի հետեւանքով մահվան երկրորդ դեպքը: Մահացած կինը 5-ամյա տղայի տատիկն է, որը Էբոլայի հետեւանքով մահացել էր հունիսի 11-ին:

Ուգանդական Daily Monitor պորտալը հայտնում է, որ այսօրվա դրությամբ Ուգանդայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 3 դեպք: Վերջին պացիենտը մահացած տղայի եղբայրն է, որը հիվանդանոցում է, բոլորից մեկուսացված:

Ուգանդայի առողջապահության նախարար Ջեյն Ռութ Ասենգը հայտնել է, որ Էբոլա են կասկածում եւս 7 մարդու մոտ, բայց հիվանդությունը դեռեւս լաբորատոր հաստատում չի ստացել:

Երեք վարակվածներն էլ այցելել են Կոնգո, որտեղ հիմա Էբոլայի բռնկում է դիտվում, եւ որտեղ նրանք, ամենայն հավանականությամբ, վարակվել են: Անցյալ տարվա օգոստոսին Կոնգոյում գրանցվել էր Էբոլայի 2084 դեպք եւ 1405 մահվան դեպք:



© NEWS.am Medicine