Յոգուրտը կարող է պաշտպանել աղիքների ուռուցքներից. հետազոտություն

09:46   19 հունիսի, 2019

Յոգուրտը շատ ավելի օգտակար է, քան կարող էիք կարծել: Շաբաթական սնունդի մեջ յոգուրտի 2 եւ ավելի չափաբաժին գործածելը նվազեցնում է բարորակ ուռուցքների առաջանալու հավանականությունը, որոնք կարող են վերափոխվել աղիքների քաղցկեղի: Այս մասին հայտնում են Վաշինգտոնյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանք վերլուծել են 32 606 տղամարդկանց եւ 55 743 կանանց մոտ ադենոմաների տարբեր տեսակների զարգացման մասին տեղեկությունները ու ստացված տվյալները համեմատել են նրանց սննդակարգի հետ: Կամավորները յուրաքանչյուր 4 տարին մեկ ներկայացրել են իրենց կենսակերպի եւ սննդակարգի՝ ներառյալ յոգուրտի գործածման մակարդակի մասին մանրամասն տեղեկություններ:

Հետազոտման ժամանակահատվածում հայտնաբերել են տղամարդկանց շրջանում ադենոմաների զարգացման 5811 դեպք եւ 8116 դեպք՝ կանանց շրջանում: Պարզվել է, որ տղամարդկանց շրջանում, որոնք հաճախ են յոգուրտ կերել, բարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը 19 տոկոսով փոքր էր: Դրանից բացի, հաստ աղիքում ադենոմաների ի հայտ գալը, որոնք կարող են վերափոխվել քաղցկեղի, նվազել է 26 տոկոսով:

Հետաքրքիր է, որ կանանց մոտ յոգուրտի գործածման եւ աղիքների ուռուցքների զարգացման հավանականության միջեւ կապ չի հայտնաբերվել:

Աղիքներում նորագոյացությունների դեմ յոգուրտի արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ Lactobacillus bulgaricus եւ Streptococcus thermophilus բակտերիաները, որոնք սովորաբար պարունակվում են յոգուրտում, կարող են աղիքներում նվազեցնել քաղցկեղ եւ այլ խնդիրներ առաջացնող քիմիական նյութերի մակարդակը:



© NEWS.am Medicine