Անտեսանելի համավարակ. ԱՀԿ-ն սուպերբակտերիաների դեմ պայքարի գլոբալ ծրագիր է առաջարկել

19:48   19 հունիսի, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գլոբալ քարոզարշավ է առաջարկում, որի նպատակն է բակտերիաների տարածման կանխումը: Ծրագիրը թույլ կտա հակաբիոտիկներով բուժումն առավել անվտանգ եւ արդյունավետ դարձնել:

ԱՀԿ մասնագետները դասակարգման համակարգ են մշակել, որում նշվում է, թե որ հակաբիոտիկները կարելի է օգտագործել վարակների տարածման դեմ եւ որոնք են արդյունավետ ամենալուրջ վարակների դեմ:

Ինչպես նաեւ նշվում է, թե որ դեղորայքը պետք է մշտապես ազատ հասանելիության մեջ լինի, եւ որը՝ կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:

Խնդիրն այն է, որ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործումը բակտերիաները կայուն է դարձնում, որի պատճառով ոչ լուրջ վարակը կարող է մահացու վտանգավոր լինել:

Մասնագետները մտավախություն ունեն, որ եթե այդպես շարունակվի, ապա կարող է հետհակաբիոտիկային դարաշրջան սկսվել, երբ հակաբիոտիկները կդադարեն աշխատել, եւ հարյուր հազարավոր մարդիկ կսկսեն մահանալ վարակների պատճառով:

Փորձագետների կանխատեսմամբ՝ մոտակա 30 տարում Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ավստրալիայում սուպերբակտերիայով պայմանավորված վարակներից կմահանա մոտ 2,4 մլն մարդ:

Չնայած նման սպառնալիքին՝ հակաբիոտիկների ավելի քան 50%-ը մի շարք երկրներում սխալ է օգտագործվում:

ԱՀԿ-ն դրա համար 3 դասակարգում է մշակել՝ «հասանելի», «հսկողության տակ» եւ «պահեստում»: Առաջին դասակարգումը պետք է ներառի բոլոր օգտագործվող հակաբիոտիկների 60%-ը: Այստեղ ընտրությունը տրվում է նեղ ուղղվածություն ունեցող հակաբիոտիկներին, որոնք սպանում են կոնկրետ պատոգենները: Դա թույլ կտա մնացած հակաբիոտիկներին ներառել այլ դասակարգումներին՝ պահպանելով դրանց արդյունավետությունը:  



© NEWS.am Medicine