Աշխարհի տարբեր երկրներում հակածխախոտային ի՞նչ օրենքներ են գործում

12:32   20 հունիսի, 2019

Ծխախոտը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, սպանում է տարեկան ավելի քան 8 միլիոն մարդ: Այդ մահացությունների ավելի քան 7 միլիոնը ծխախոտի անմիջական օգտագործման արդյունք է, մինչդեռ մոտ 1.2 միլիոնը հանդիսանում է երկրորդային ծխի ազդեցության արդյունք: Աշխարհում ծխողների մոտ 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Փորձենք պարզել, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներում պայքարում ծխախոտի եւ դրա հասցրած վնասների դեմ:

Միայն 2000-ականներին էր, որ ծխելը միջազգային խնդիր համարվեց և մի շարք երկրներում արգելքներ պարտադրվեցին՝ մարդկանց երկրորդային ծխի ազդեցությունից պաշտպանելու համար: ԱՀԿ-ն պնդում է, որ ավելի քան 1,4 միլիարդ մարդ, կամ աշխարհի բնակչության 20%-ը, պաշտպանված են համապարփակ ազգային ծխախոտային օրենքներով:

Իռլանդիա

Իռլանդիան դարձավ պիոներ 2004 թվականին, երբ հիմնեց համազգային համապարփակ օրենք՝ աշխատատեղերում ծխից ազատ լինելու մասին: Ավելի ուշ, 2009 թվականին, արգելվեցին նաև ծխախոտի գովազդները խանութներում և ծխախոտային արտադրանքների ցուցադրումը մանրածախ առևտրի կետերում ու ներկայացվեց ծխախոտի վաճառքի մեքենաների վերահսկման մասին նոր օրենք:

Ավստրալիա

Շարունակելով Իռլանդիայի քայլերը, Ավստրալիան ևս մի երկիր է, որը քայլեր է ձեռնարկում ծխախոտի ազդեցությունը չծխողների վրա նվազեցնելու ուղղությամբ: Այն հայտնի է հակածխախոտային խիստ օրենսդրությամբ, որի նպատակն է ծխողներին խրախուսել թարգել:

Ավստրալիայում մարդկանց թույլ չի տրվում ծխել ծովափում, երեխաների հետ մեքենաներում: Ծխախոտի տուփերն ունեն պատկերներ, որոնք զգուշացնում են սպառողներին ծխելու հետևանքներից: Հակածխախոտային այլ օրենքներում սահմանվում է հասարակական շենքերի, խաղահրապարակների և հանրային տրանսպորտային հանգույցներից ծխելու հեռավորությունը: Բացի այդ, ծխախոտային արտադրանքները վաճառվում են բարձր գնով:

Նիդերլանդներ

Նիդերլանդներում ծխելն արգելված է բոլոր հասարակական շենքերում և հասարակական տրանսպորտում: 2004 թվականին ընդունվեց մի օրենք, ըստ որի, յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատել ծխախոտից զուրկ միջավայրում:

Հակածխախոտային օրենքների խստացման մակարդակն ավելի բարձրացավ, երբ 2017 թվականին փակվեցին Ամստերդամի քաղաքապետարանում և այլ քաղաքային շենքերում ծխելու սենյակները և այդ շենքերի 20 մետր հեռավորության վրա գտնվող տարածքներում ծխելը արգելվեց:

Մեկ տարի անց, 2018 թվականին, Հաագայում որոշում կայացվեց, որ ծխելու սենյակներն այլևս օրինական չեն փաբերում, ակումբներում և ռեստորաններում:

Չինաստան

Չինաստանում մոտ 300 միլիոն ծխող կա, որից 4 միլիոնը Պեկինում է: Չինաստանը միացավ ծխախոտի դեմ պայքարին, երբ Պեկինում 2015 թվականին արգելվեց ծխելը ռեստորաններում, բարերում, գրասենյակներում, առևտրային կենտրոններում, օդանավակայաններում և հասարակական տրանսպորտում:

Օրենքը խախտող քաղաքացիները տուգանվում են 32 դոլարի չափով և 3-րդ անգամից հետո կառավարության կայքէջում «պախարակում են» այդ մարդուն: Բիզնեսները կարող են տուգանվել մինչև 1400 դոլար:

Ալբանիա

Ալբանիայում 2007 թվականին ընդունվել է հակածխախոտային օրենք, որը սահմանափակում է ծխելը փակ տարածքներում: Ցավոք, այդ օրենքը շատ անհաջող կերպով էր կիրառվել և մինչև 2013 թվականը անարդյունավետ էր: 2013 թվականից ի վեր, ծխելը խստորեն արգելված է փակ տարածքներում, այդ թվում` բարերում, փաբերում, ռեստորաններում և այլ վայրերում: Օրենքը խախտելիս, այն վայրը, որտեղ հաճախորդը ծխել է, տուգանվում է 2200 եվրո, մինչդեռ ծխողը տուգանվում է 350 եվրո:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիան եւս քայլեր է ձեռնարկել ծխախոտի օգտագործման սահմանափակման հարցում: 2007 թվականից ի վեր՝ ծխելն անօրինական է դարձել փակ աշխատատեղերում: 2015 թվականին խստացրեցին ծխախոտի դեմ պայքարի օրենքը` արգելելով խանութներում ծխախոտի ցուցադրումը և վերացնելով տուփերի վրա բրենդինգը, իսկ 2017-2018 թվականներից արգելվեց նաեւ ծխախոտի փոքրիկ տուփերի վաճառքը:

Հակածխախոտային օրենքները ոչ միայն պաշտպանում են բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից, այլեւ նպաստում է նրան, որ ծխողները հրաժարվեն այս սովորությունից, իսկ դեռահասները եւ երիտասարդները չսկսեն ծխել:

Բազմաթիվ մասնագետների խոսքով՝ Հայաստանում եւս անհրաժեշտ են ավելի խիստ հակածխախոտային օրենքներ, քանի որ այսօրվա դրությամբ քաղաքացիների, այդ թվում երեխաների ճնշող մեծամասնությունը տանը, հասարակական վայրերում, տրանսպորտում կամ աշխատավայրում ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության:



© NEWS.am Medicine