Ատամների եւ լնդերի հիվանդություն ունեցող մարդիկ վտանգում են հիվանդանալ լյարդի եւ լեղապարկի քաղցկեղով. հետազոտություն

19:28   20 հունիսի, 2019

Ատամների եւ լնդերի հիվանդություն ունեցող մարդիկ վտանգում են 30 տոկոսով ավելի հաճախ հիվանդանալ լյարդի եւ լեղապարկի քաղցկեղով՝ բերանի առողջ խոռոչ ունեցող մարդկանց համեմատ։ Նման ցնցող եզրահանգման են եկել  Բելֆասթի Քվինսի համալսարանի գիտնականները։

Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է United European Gastroenterology Journal ամսագրում, քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկի եւ բերանի խոռոչի վիճակի միջեւ հետաքրքիր կապ գոյություն ունի։

Մասնագետները վերլուծել են 40-69 տարեկան 500 000 բրիտանացիների տվյալները՝ ստացված Մեծ Բրիտանիայի Բիոբանկից։ Ինչպես պարզվել է, ատամների եւ լնդերի վատ առողջությունը չի նպաստում ԱՍՏ քաղցկեղի առաջացմանը։ Բայց գիտնականները պարզել են մեկ այլ օրինաչափություն, որը վկայում է այն մասին, որ հիվանդ ատամներ եւ լնդեր ունեցող մարդկանց մոտ բարձրանում է լյարդի, լեղապարկի եւ լեղուղիների քաղցկեղի առաջացման վտանգը։ Հիվանդ ատամներ ունեցողների մոտ ամենաբարձրը եղել է հեպատոցելյուլյար կարցինոմայի զարգացման վտանգը։

Ինչպես կարծում են աշխատանքի հեղինակները, քաղցկեղի առաջացման վրա կարող է ազդել բերանի խոռոչի միկրոբիոմայի վիճակը։ Կարծիք կա նաեւ, որ  որոշ մանրէներ, որոնք առկա են բերանում եւ կարող են առաջացնել լնդերի հիվանդություն, նույնպես կարող են ազդել ներքին օրգաններում բորբոքային պրոցեսների առաջացման վրա։ Մյուս կողմից՝ բերանի խոռոչի հիվանդությունների եւ քաղցկեղի համար կան նաեւ ռիսկի այլ ընդհանուր գործոններ. ատամների խնդիրներ ունեցող մարդիկ քիչ են կերել մրգեր եւ բանջարեղեններ, նրանցից շատերը ծխել են կամ ունեցել են ճարպակալում. այս ամենը համարվում է ռիսկի գործոն քաղցկեղի շատ տեսակների առաջացման համար։



© NEWS.am Medicine