Պայթած էլեկտրոնային սիգարետը խեղել է դեռահասի ծնոտը (ֆոտո)

16:13   20 հունիսի, 2019

ԱՄՆ Նեւադա նահանգից 17-ամյա Օսթին Ադամսը ծանր վնասվածք է ստացել էլեկտրոնային սիգարետի պատճառով, որը պայթել է անմիջապես նրա բերանի մեջ: Տղան ստացել է ծնոտի վնասվածք եւ զրկվել մի քանի ատամներից:

Երիտասարդն այս սարքը ձեռք էր բերել անցյալ տարի՝ հուսալով ծխելը թողնել: Նա սկսել է ծխել պատանի հասակից, այնպես որ՝ տղայի մայրը թույլ է տվել էլեկտրոնային սիգարետ ձեռք բերել համացանցի միջոցով՝ այն նպատակով, որ հրաժարվի վնասակար սովորությունից:

Մարտին սիգարետն անսպասելի պայթել է նրա բերանի մեջ: Տղայի ծնողները պատմել են, որ այդ օրը տանն էին, երբ հանկարծ վերեւում տարօրինակ ձայն են լսել, եւ սենյակ է ներխուժել Օսթինը արյունաշաղախ դեմքով:

Նրան անմիջապես տեղափոխել են տեղի մանկական հիվանդանոց, որը, սակայն, բավականին հեռու էր՝ ուղեւորությունը տեւել է 5 ժամ, եւ այդ ամբողջ ժամանակ տղան սաստիկ ցավեր ուներ՝ փորձելով դադարեցնել արյունահոսությունը:

Դեռահասին օգնություն ցույց տված բժիշկ Քեթի Ռասելը՝ University of Utah and Primary Children's Hospital-ից, խոստովանել է, որ մինչ այս դեպքը անգամ չէր պատկերացնում, որ էլեկտրոնային սիգարետի պատճառով հնարավոր է նման վնասվածքներ ստանալ. ծնոտի ոսկորները բավականին ամուր են, եւ հարկավոր է ահռելի ուժի հարված՝ դրանք կոտրելու համար:

Օսթինին վիրահատելու ժամանակ կատարվել է վնասվածքից հետո ոսկորների անշարժացում, կոտրված ատամների կտորների հեռացում, հյուսվածքների վերականգնում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացված լուսանկարը ձեզ կարող է տհաճ լինել



© NEWS.am Medicine