9 կիլոմետր ոտքով. որքա՞ն պետք է քայլել ուղեղը պաշտպանելու համար

22:31   24 հունիսի, 2019

Ոտքով զբոսանքներն օգնում են պաշտպանել ուղեղը տարիքային խախտումներից եւ իջեցնում ծերունական տկարամտության առաջացման վտանգը, ինչպես պնդում են Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Շաբաթվա ընթացքում նրանք խորհուրդ են տալիս քայլել առնվազն 9 կիլոմետր։ Դա հատկապես վերաբերում է միջին եւ տարեց հասակի մարդկանց։

Մասնագետները հավաքել են 299 հոգուց բաղկացած տարեցների խումբ, որոնց մոտ դեռեւս չեն նկատվել ուղեղի աշխատանքի տարիքային խախտումներ։  Մասնագետները նրանց հետեւել են 9 տարվա ընթացքում, ինչից հետո հետազոտության մասնակիցները ուղեղի սքանավորում են անցել։ Դրանից հետո նեյրոնային գործառույթների որակը փորձարկվողների մոտ վերլուծվել է եւս 4 տարի։

Ինչպես պարզվել է, այն տարեց մարդկանց մոտ, որոնք քայլել են շաբաթական 6-9 կիլոմետր, գորշ նյութի ծավալը եղել է ավելին, քան այն կամավորականներինը, որոնք ավելի նստակյաց կյանք են վարել։ Ավելին, հաճախակի զբոսանքները ոտքով, ինչպես պարզվել է, կրճատել են ծերունական տկարամտության զարգացման ռիսկը 2 անգամ։

Գիտնականները հիշեցնում են, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը պետք է նորմ դառնա միջին տարիքում. այն թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել իմացական առողջությունը ծերությանն ընդառաջ։



© NEWS.am Medicine