Պիցցան եւ քաղցրացված ըմպելիքները վատթարացնում են սերմնահեղուկի որակը. Հարվարդի գիտնականներ

21:28   26 հունիսի, 2019

Սխալ սնվելը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողականության վրա: Հետազոոտւթյան համաձայն, որն անցկացվել է Չանի անվան հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականների գլխավորությամբ, պիցցա, չիփսեր օգտագործող  երիտասարդ տղամարդկանց մոտ կարող է կտրուկ նվազել սերմնաբջիջների որակը:

Հետազոտությանը մասնակցել է 18-20 տարեկան մոտ 3 հազար տղամարդ: Պարզվել է, որ այսպես կոչված արեւմտյան դիետայի սիրահարների մոտ, որոնք օգտագործում են վերամշակված միս, պիցցա եւ քաղցր ըմպելիքներ, սերմնահեղուկի որակն ավելի ցածր է առողջ սնման կողմնակիցների համեմատ:

Սերմնաբջիջների ամենամեծ քանակությունը հայտնաբերվել է նրանց մոտ, որոնց սննդաբաժնում ներառված է եղել ձուկ, թռչնամիս, բանջարեղեն, մրգեր եւ ջուր: Արդյունավետ է եղել նաեւ բուսակերությունը եւ սկանդինավյան դիետան:

Մեկնաբանելով ստացված տվյալները՝ Շեֆիլդի համալսարանից Ալան Փեյսին նշել է, որ պիցցայի, չիփսերի եւ կարմի մսի օգտագործման հետեւանքով զարգանում է օքսիդացման սթրես, որը բացասաբար ազդեցություն ունի սերմնահեղուկի վրա:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում Մարդու վերարտադրողականության եւ սաղմնաբանության եվրոպական հասարակության ամենամյա համաժողովի շրջանակում:



© NEWS.am Medicine