Ինչո՞ւ է D վիտամինն այդքան կարեւոր մկանների համար

18:59   29 հունիսի, 2019

D վիտամինը չափազանց կարեւոր դերակատարում ունի մկանային բջիջներում, հայտնում են Վեսթմիդ բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:

Նրանք մկների օրինակով պարզել են, որ D վիտամինի ազդանշանային ակտիվությունն անհրաժեշտ է մկանային հյուսվածքի նորմալ ծավալի եւ մկանային ուժի պահպանման համար:

Հետազոտության ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ D վիտամինի ռեցեպտոր չունեցող մկների մկանային բջիջներում մկանները թույլ էին եւ պակաս զարգացած: Ավելին՝ այդպիսի մկները դանդաղ էին վազում, ավելի քիչ տարածություն էին անցնում եւ թաթերով ավելի թույլ էին բռնում: Բայց առաջին հայացքից այդպիսի կենդանիների մարմնի նորմալ համամասնությունները պահպանվել են, ճիշտ է՝ նրանց ճարպային հյուսվածքն ավելի շատ էր, իսկ մկանները քիչ, քան D վիտամինի ռեցեպտորներով մկներինը:

Մասնագետները պնդում են, որ նորմայում մկանային հյուսվածքում պետք է լինի D վիտամինի չափավոր մակարդակ: Դա մկաններին թույլ է տալիս ճիշտ գործել եւ ծավալը պահպանել:

Այս հետազոտության արդյունքները կարող են օգնել D վիտամինի ռեցեպտորների վրա ներգործության հաշվին տարիքային մկանային դիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների բուժման ռազմավարության մշակմանը:



© NEWS.am Medicine