Վիրահատությունից հետո գրեթե 200 կիլոգրամ նիհարած կինը նորից գիրանում է

22:10   5 հուլիսի, 2019

2011 թվականին ամերիկուհի Փաուլին Փորթերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենածանր կինը։ Այն ժամանակ նրա քաշը 292 կիլոգրամ էր, սակայն որոշ ժամանակ անց նրա քաշը հասավ 307 կիլոգրամի։

Աշխարհի ամենագեր կնոջ կոչումը նրան առանձնապես չի ուրախացրել, եւ նա երազում էր նիհարել ու վերադառնալ նորմալ կյանքի, բայց դիետաներն ու այլ միջոցները նրան չօգնեցին։ Հանուն նիհարելու նա տեղափոխվեց Կալիֆոռնիայից Հյուսթոն եւ հանդիպեց հեռուստատեսային բժիշկներից մեկին, որը համաձայնեց անվճար գաստրոշունտավորում կատարել։

Բարիատրիկ վիրահատության ընթացքում Փաուլինի ստամոքսի չափերը փոքրացան գրեթե 70 տոկոսով։ Դա մորբիդային ճարպակալման բուժման առավել արմատական մեթոդն է, եւ այն իսկապես արդյունք տվեց. առաջիկա ամիսներին կնոջ քաշը հասավ 112 կիլոգրամի։

Սակայն   նրա երկրորդ հայտնվելն այդ նույն հեռուստատեսային շոուում այնքան էլ ուրախալի չէր։ Պարզվել է, որ կարճ ժամանակում Փաուլինը նորից 132 կիլոգրամ է հավաքել։ Նա խոստովանել է, որ իր ներսում դեռեւս ապրում է «գիրուկ աղջիկը», որը թույլ չի տալիս սլացիկ մարդու մտածելակերպ որդեգրել. վիրահատությունը շտկեց մարմինը, բայց ոչ ուղեղն ու մտածողությունը։

Բժիշկը Փաուլինի վարքն անվանել է ինքնաքայքայիչ, չէ՞ որ նա ոչ թե պարզապես գիրացել էր, այլեւ հրաժարվել էր ֆիզիոթերապեւտիկ կուրսերից։

Նշենք, որ անգամ նման արմատական վիրահատություններից հետո մարդիկ, միեւնույն է, կարող են քաշ հավաքել, եթե չեն փոխում իրենց մտածելակերպն ու ապրելակերպը։



© NEWS.am Medicine