Գեորգի Օկոեւը հերքել է լուրերը, թե «Գարդասիլն» անպտղություն է առաջացնում

19:33   6 հուլիսի, 2019

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումն անհրաժեշտություն է։ Նման կարծիքի կողմնակիցն է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը։

Մասնագետը նշում է, որ հայտարարությունները, թե ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն անպտղություն է առաջացնում, միանգամայն անհիմն են։ «Բազմաթիվ հետազոտություններից ոչ մեկում՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումից անպտղության առաջացման ռիսկի հետ կապված, ոչ մի տվյալ չկա»,- ընդգծել է նա։ Օկոեւը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել լուրջ հետազոտությունների տվյալներին, որոնք հրապարակվում են հեղինակավոր գիտական ամսագրերում։ «Ոչ ճիշտ տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ կարող է միայն վնաս հասցնել»,- ասել է պրոֆեսորը։

Փորձագետը տեղեկացրել է, որ որոշ լայնածավալ հետազոտություններ  ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մասին ընդգրկել են 200 հազար կանանց, բայց դրանց արդյունքներով վերարտադրողական գործառույթների խախտումներ չեն հայտնաբերվել։ Նույնը կարելի է ասել այն հետազոտությունների մասին, որոնցում ներգրավված են եղել թույլ սեռի մինչեւ 45 տարեկան ներկայացուցիչներ։

Նա նաեւ նշել է, որ Ավստրալիայում, որը տպավորիչ հաջողությունների է հասել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարում, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը ներդրվել է 2007 թվականից։ Ընդ որում՝ պատվաստում ստանում են ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ, եւ անցած տարիներին չեն ստացվել տվյալներ լուրջ բարդությունների առաջացման մասին։

Հայաստանում 2017-2019 թվականն ընկած ժամանակահատվածում մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութ է ստացել 9013 մարդ, որից 6129-ը 14-15 տարեկան անձինք են: 2017-2018 թվականներին պատվաստվածների թիվը կազմել է 1547, իսկ ընթացիկ տարում՝ 7466:



© NEWS.am Medicine