Գեները կապ չունեն. գիտնականները բացահայտել են ճարպակալման իրական պատճառը

12:15   7 հուլիսի, 2019

Նորվեգացի գիտնականները կարողացել են պարզել աշխարհում ճարպակալման տարածման իրական պատճառը: Չնայած ներկայիս կարծիքների՝ համաձայն BMJ պարբերականում հրապարակված մասնագետիտական եզրակացությունների՝ ավելորդ քաշը կապված է ոչ թե գեների, այլ սխալ սնվելու հետ:

Սկսած 1975 թվականից՝ ճարպակալման ցուցանիշներն աճել են երեք անգամ: Մինչդեռ ըստ անցկացված հետազոտության՝ ավելորդ քաշ հավաքելու ռիսկերը նույնական են ինչպես այսպես կոչված «ճարպի գեներ» ունեցող, այնպես էլ առանց այդ հակման մարդկանց շրջանում: Այդկերպ ճարպակալման համաճարակի մեղավորները սխալ սննդակարգն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունն են:

Ընդհանուր առմամբ հետազոտության շրջանակներում վերլուծվել են 118 959 մարդու տվյալները: Բոլոր մասնակիցները բաժանվել էին հինգ խմբերի՝ կապված ճարպակալման զարգացման գենետիկ ռիսկերի հետ: Ընդ որում՝ համադրվում էին 1963-2008 թթ. ժամանակահատվածում ստացված տվյալները: Բացի մարմնի զանգվածի ցուցիչներից, գիտնականներն ուշադրություն էին դարձնում այնպիսի գործոններին, ինչպիսիք են գիտափորձի մասնակիցների սեռն ու տարիքը, վնասակար սովորություններն ու շրջակա միջավայրի վիճակը:

Մի կողմից, գենետիկորեն ճարպակալման հակում ունեցող մարդկանց մոտ կա մարմնի ծավալի ավելացման ավելի մեծ հավանականություն, սակայն գիտնականները համարում են, որ ավելորդ քաշի գլխավոր պատճառը սխալ սնվելն ու նստակյաց եւ պասիվ կենսակերպն է:

Նրանց կարծիքը կիսում են նաեւ բրիտանացի գիտնականները, որոնք մատնանշում են, մասնավորապես, բարձր կալորիականությամբ մթերքներ օգտագործելու ծավալների աճը: Ֆիզիկական ակտիվության բացակայության դեպքում օրգանիզմը չի հասցնում ամբողջովին մարսել սնունդը, որի հետեւանքով ձեւավորվում են ճարպային կուտակումները: Այդ առնչությամբ բարձրաձայնվել էր անառողջ մթերքների սահմանափակման անհրաժեշտությունը:



© NEWS.am Medicine