Հիդրոցիկլի շարժիչը պատռել է երիտասարդ կնոջ ուղիղ աղին եւ նրան զրկել մայրանալու հնարավորությունից

19:14   8 հուլիսի, 2019

Ամերիկուհի 28-ամյա Տես Ֆլեմինգի համար կյանքում առաջին անգամ հիդրոցիկլով շրջելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել: New York Post-ը փոխանցում է, որ կինը փրկարար բաճկոնակ էր հագել եւ հիդրոցիկլի վարորդի խորհրդով բռնվել իր մեջքին տեղադրված հատուկ բռնատեղերից: 80 կմ/ժամը գերազանցող արագությամբ զբոսանքը ավարտվել է հաշված րոպեներ անց՝ Տեսն ընկել է մեջքի վրա, եւ հիդրոցիկլի շարժիչը նրա մարմինը տառացիորեն շերտատել է:

Տուժողը խոստովանում է, որ դժոխային ցավ է զգացել, եւ բժիշկները ստիպված էին նրան 2 շաբաթ մտցնել դեղորայքային կոմայի մեջ: Պարզվել է, որ ջրային փոխադրամիջոցի շարժիչը պատռել է նրա հաստ աղիքը եւ 2 գլխավոր արյունատար անոթները, ինչն արյան վարակում է առաջացրել: Դրանից բացի, հայտնաբերվել են միզապարկի, կոնքի եւ վերարտադրողական օրգանների ծանր վնասածքներ, ինչի հետեւանքով Տեսը երեխաներ ունենալ չի կարողանա:

Հիվանդանոցից դուրս գրվելու առաջին ժամանակահատվածը չափազանց ծանր էր: «Ես օրը 20 ժամ քնում էի եւ ամբողջ օրը մեկ համբուրգեր ուտում»,- խոստովանում է նա: Անցյալ տարվա ընթացքում Տեսը ենթարկվել է 8 վիրահատության, ունեցել հիշողության կորուստ եւ մազաթափություն: Միայն հիմա՝ ողբերգությունից մեկ տարի հետո է կինը կարողացել հրաժեշտ տալ աղիների կոլոստոմային, որը նրան անհարմարավետություն էր պատճառում եւ ինքնագնահատականի նվազման պատճառ էր:

Չնայած ողբերգությունից հետո մնացած սպիներին, Տեսն աշխատում է չվհատվել եւ առաջ ընթանալ: Հունվարին նա դատի է տվել հիդրոցիկլերն արտադրող կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությանը: Նրա փաստաբան Մայքլ Ռոնեմուսը ներկայացնում է եւս մի քանի մարդկանց շահերը, որոնք համանման հայցեր են ներկայացրել հիդրոցիկլեր արտադրողների դեմ:

«Մարդիկ իսկապես չգիտեն, որ հիդրոցիկլերը կարող են դառնալ ծանր վնասվածքների պատճառ: Հույս ունենք, որ Տեսի պատմությունը կօգնի մեծացնել նրանց տեղեկացվածությունը»,- ասել է նա:



© NEWS.am Medicine