Քաղցկեղով հիվանդ պացիենտը դոնորի հետ ընկերացել է անանուն նամակագրության շնորհիվ (ֆոտո)

09:40   9 հուլիսի, 2019
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել սրտառուչ պատմություն. քաղցկեղով հիվանդ տղամարդը իր դոնորի հետ ընկերացել է անանուն նամակագրության շնորհիվ: Նամակագրության նման՝ առաջին հայացքից տարօրինակ եղանակը բրիտանական օրենքների հետեւանքն է, որոնց համաձայն՝ բժշկական միջամտությունից հետո 2 տարի դոնորի եւ ընդունողի մասին տեղեկատվությունն արգելված է հրապարակել:

Հարի Հոջեսի մոտ ախտորոշել էին սուր միելոիդային լեյկոզ, եւ նա ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ուներ: Նրանից բացի, սպասողների ցուցակում կար եւս 2 հազար մարդ: Բրիտանուհի Կարեն Սքոլթոքը մի օր հեռուստացույցով սոցիալական հոլովակ է դիտում, որը ցողունային բջիջների դոնորության կոչ էր անում: Կնոջ հայրը եւ երիտասարդ զարմիկը մահացել էին քաղցկեղի հետեւանքով, եւ նա որոշում է փրկել ծանր հիվանդությամբ գոնե մեկ հիվանդի:

Երեք ամիս հետո նա հաղորդագրություն է ստանում այն մասին, որ ինքը որպես դոնոր համապատասխանում է պացիենտներից մեկին: Անհրաժեշտ միջամտությունը կատարելու համար կինը ստիպված էր Լոնդոն մեկնել: Բարեբախտաբար, փոխպատվաստումը հաջող է անցել, եւ Հարին արագորեն սկսել է առողջանալ:

Միաժամանակ, նրանցից յուրաքանչյուրը անձնական ծանոթության հույս ուներ, որը, խիստ օրենքները հաշվի առնելով, առաջիկա 2 տարում անհնար էր: Օրենքը, սակայն, անանուն նամակագրությունը չէր արգելում, եւ Կարենը մի անգամ նամակ է ստացել. «Շնորհակալություն ձեր բարության եւ շռայլության համար: Դուք ինձ կյանք եք նվիրել, եւ ես մշտապես ձեզ երախտապարտ կմնամ»:

Անանուն նամակագրությունը շարունակվել է 2 տարի, եւ այս ընթացքում Հարին ու Կարենը իսկական ընկերներ են դարձել: Հեռախոսային առաջին խոսակցությունը տեղի է ունեցել 2018 թվականի Ծննդյան տոներին, իսկ 2019-ի ապրիլին՝ երկար սպասված անձնական հանդիպումը: Երկուսի խոստովանությամբ՝  հանդիպումից առաջ չափազանց հուզվել են:

Հարին ու Կարենը մինչեւ հիմա ընկերություն են անում, եւ աշխատում են հաճախակի հանդիպել ու շփվել:

 



© NEWS.am Medicine