Հայաստանի բնակիչները ո՞ր հիվանդությունների դեմ պետք է պատվաստվեն ճանապարհորդություններից առաջ

13:58   9 հուլիսի, 2019

Ճանապարհորդությունների ժամանակ մարդը բախվում է իր օրգանիզմին անծանոթ հիվանդությունների մեծ թվով հարուցիչների հետ, որոնցից որոշներից, ինչպես նշեց Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, կարելի է պաշտպանվել պատվաստման միջոցով:

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ տրվում ցանկացած ուղեւորությունից առաջ կարդալ այն երկրի համաճարակային իրավիճակի մասին, որտեղ պատրաստվում եք մեկնել, որպեսզի հասկանաք, թե այնտեղ ինչ հիվանդություններ են տարածված եւ ձեզ ինչպիսի պատվաստանյութեր անհրաժեշտ կլինեն: Այս հարցը պարզելուն կօգնեն նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին առընթեր ճանապարհորդների համար նախատեսված հատուկ կաբինետում:

Կարմրուկ

Կարմրուկով հիվանդացությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է ԱՀԿ բոլոր 6 տարածաշրջաններում: Իրավիճակն անչափ լուրջ է նաեւ եվրոպական տարածաշրջանում. 53 երկրից 47-ում գրանցվել են կարմրուկի բռնկումներ (Հայաստանը 6 երկրների թվում է, որտեղ կարմրուկի բռնկում չկա, համենայնդեպս՝ առայժմ չկա): 2019 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է կարմրուկի մոտ 125 հազար դեպք եւ դրա հետեւանքով մահվան 90 դեպք (մահացածներից 72-ը երեխաներ են):

Եթե պատրաստվում եք մեկնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ցանկացած երկիր (հատկապես Վրաստան եւ Ուկրաինա), խորհուրդ է տրվում պատվաստվել կարմրուկի դեմ: Մասնագետը նշեց, որ կատարյալ կլինի, եթե հասցնեք ստանալ պատվաստանյութի 2 դեղաչափ ոչ պակաս 4 շաբաթ տարբերությամբ, ընդ որում՝ վերջին դեղաչափը պետք է ստանալ ուղեւորությունից գոնե 2 շաբաթ առաջ, որպեսզի օրգանիզմը հասցնի հիվանդության դեմ անհրաժեշտ պաշտպանություն ձեւավորել:

Եթե չեք հիշում՝ պատվաստվել եք արդյոք կարմրուկի դեմ, հանձնարարվում է մինչեւ ուղեւորությունը 2 շաբաթ առաջ պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ ստանալ:

Դիֆթերիա, կարկամախտ

Գայանե Սահակյանը նշեց, որ արեւադարձային երկրներում դիֆթերիայով եւ կարկամախտով վարակվելու վտանգ կա, ուստի այդպիսի երկրներ ուղեւորությունից առաջ խորհուրդ է տրվում այս հիվանդությունների դեմ պատվաստվել:

Պոլիոմիելիտ

Բժշկությունն արդեն գրեթե հաղթել է պոլիոմիելիտը, բայց երեք երկրներում պոլիովիրուսը դեռեւս ակտիվ է. Պակիստանում, Աֆղանստանում եւ Նիգերիայում դեռեւս առկա է պոլիոմիելիտով վարակվելու վտանգը, ուստի այս երկրներ ուղեւորությունից առաջ ցանկալի է պատվաստվել այս հիվանդության դեմ:

Դեղին տենդ

Մեր ոչ բոլոր հայրենակիցներն են տեղյակ այն մասին, որ հարավային Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներ մեկնելուց առաջ անհրաժեշտ է պատվաստված լինել դեղին տենդի դեմ եւ միջազգային հավաստագիր ունենալ, որը դա հաստատում է, այլապես այդ երկրների սահմանների հատումն անհնար կլինի:

А հեպատիտ եւ որովայնային տիֆ

Այսօր ասիական երկրներում А հեպատիտով եւ որովայնային տիֆով վարակվելու վտանգ կա: Այս հիվանդությունների դեմ նույնպես պատվաստանյութեր կան, եւ ցանկալի է դրանք չանտեսել, նշեց մասնագետը:

Գայանե Սահակյանը նշեց, որ այս բոլոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը Հայաստանում հասանելի են. դրանք կարելի է ստանալ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին առընթեր ճանապարհորդների համար նախատեսված կաբինետից:



© NEWS.am Medicine