«Մոլորակի ամենասեքսուալ բժիշկը» օդանավում փրկել է երիտասարդի կյանքը

16:19   9 հուլիսի, 2019

Նյու Յորքից «մոլորակի ամենասեքսուալ բժիշկ» Միխայիլ Վարշավսկին փրկել է երիտասարդի կյանքը, որի ինքնազգացողությունը վատթարացել է ավիաթռիչքի ժամանակ: Երջանիկ պատահականությամբ Միխայիլը թռչում էր նույն չվերթով եւ կարողացել է բժշկական օգնություն ցույց տալ ժամանակին:

The Daily Mail-ը փոխանցում է, որ 26-ամյա Մեթ Ֆարակոն թռիչքի ժամանակ տկարություն է զգացել. նրա ձեռքերը եւ շնչափողը սկսել են այտուցվել: Ախտանշաններից անաֆիլակտիկ շոկը տարբերակելով՝ ուղեկցորդները դիմել են ուղեւորներին հարցով, թե նրանց շարքում արդյոք բժիշկ կա՞: Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել է Միխայիլ Վարշավսկին, որն առավել հայտնի է բժիշկ Մայք անունով: բարեբախտաբար օդանավում ավիաընկերության դեղերի տուփում կար անդրենալինի լուծույթով սրվակ եւ ներարկիչ, որը թույլ է տվել կոկորդի այտուցը վերացնել առանց շնչափողահատման:

Թռիչքի հաջորդ 7 ժամերին բժիշկ Մայքը հետեւել է Մեթի կենսականորեն կարեւոր ցուցանիշներին, իսկ օդանավի վայրէջքից հետո նրան խորհուրդ է տվել դիմել անհետաձգելի օգնության բաժանմունք, որպեսզի ստանա EpiPen ադրենալինի ավտոինժեկտոր:

Միջադեպից մի քանի օր անց հաջողվել է պարզել տկարության պատճառը. ավելի վաղ Մեթին խայթել էր տիզը, որի հետեւանքով նրա մոտ կարմիր մսի հանդեպ ալերգիա էր զարգացել: Այս մասին չիմանալով՝ տղամարդը թռիչքից առաջ մսով կերակուր էր կերել:

Բժիշկ Մայքի կարծիքով՝ այս պատմությունը պետք է ուսուցանող լինի եւ ավիաընկերություններին դրդի իրենց դեղերի տուփի մեջ EpiPen ներառելու համար, որը կիրառվում է նաեւ անաֆիլակտիկ շոկի դեպքում:

Միխայիլ Վարշավսկին լայնորեն հայտնի է բժշկական թեմաներով իր ուսուցողական ծրագրերով: Նա անչափ հանրահայտ է համացանցում, ահռելի թվով երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: 2015 թվականին սոցհարցման արդյունքներով՝ նա համարվել է «մոլորակի ամենասեքսուալ բժիշկը»:



© NEWS.am Medicine