Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործում Հայաստանին օգտակար կլիներ ծանոթանալ մյուս երկրների փորձին. Նեյլ Դատա

12:48   11 հուլիսի, 2019

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործում Հայաստանին օգտակար կլիներ ծանոթանալ մյուս երկրների փորձին: Հուլիսի 11-ին Երեւանում այս մասին ասաց EPF (European Parliamentary Forum) քարտուղար Նեյլ Դատան խորհրդարանում անցկացվող  «Հակաբեղմնավորիչների հասանելիության ատլասի» շուրջ քննարկումների շրջանակում:

Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության: Փաստաթուղթը ստորագրել են 46 երկիր եւ Եվրամիությունը: Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, իսկ հարեւան Վրաստանում ուժի մեջ է մտել 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

«Ինչպես հասկանում ենք, Հայաստանը տեսանելի ապագայում կսկսի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը: Սա կարեւոր միջազգային փաստաթուղթ է, որը բռնությունից պաշտպանելու հարցում ապահովում է կանանց իրավունքները»,- ասաց Նեյլ Դատան:

Նրա խոսքով՝ խորհրդարանը կարող էր հեշտությամբ վավերացնել Կոնվենցիան, սակայն, ինչպես նշվեց, մի շարք պետություններում սկսվել էր հակագենդերային շարժում, եւ արդյունքում այդ երկրները վավերացմանը պատրաստ չէին:

«Օրինակ՝ Բուլղարիան անցյալ տարի Կոնվենցիան վավերացնել չկարողացավ: Դուք այս գործընթացը բավականին վաղուց եք սկսել, եւ առաջիկա 18 ամիսներին կանցկացվեն համապատասխան քննարկումներ: Սրա հետ կապված օգտակար կլիներ ծանոթանալ մյուս երկրների օրինակներին, եւ եթե Հայաստանում սկսվի համանման հակագենդերային քարոզչություն, ապա դուք, որպես քաղաքական գործիչներ եւ կառավարության ներկայացուցիչներ, կկարողանաք դրան ժամանակին արձագանքել»,- նշեց նա:



© NEWS.am Medicine