Գաջեթների էկրանների կապույտ լույսը մարդկանց խանգարում է նիհարել. հետազոտություն

23:45   11 հուլիսի, 2019

Սմարթֆոնների, պլանշետների եւ հեռուստացույցների էկրաններից արձակվող կապույտ լույսը մարդկանց խանգարում է նիհարել՝ հորմոնների եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա ազդեցության պատճառով: Այս մասին նախազգուշացնում են Ստրասբուրգի համալսարանից եւ Ամստերդամի համալսարանից գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են կապույտ լույսի ազդեցությունը առնետների օրգանիզմի վրա: Կենդանիների վանդակներում գիշերային ժամերին միացնում էին արհեստական լուսավորություն՝ այնպիսի, ինչպիսին արձակում են բազմաթիվ էլեկտրոնային սարքեր: Գիտնականները ցանկացել են պարզել, թե այդ լույսի ազդեցությունն ինչպես է անդրադարձել կենդանիների սննդային վարքագծի վրա:

Որպես կեր կենդանիներին ընտրություն է տրամադրվել՝ ճարպ կամ շաքար: Հետաքրքիր է, որ կապույտ լույսի ազդեցությամբ առնետների մեծամասնությունը նախընտրել է սնվել շաքարով: Իսկ որոշ ժամանակ անց կրծողների օրգանիզմում նկատվել է շաքարի յուրացման հետ կապված խանգարում, իսկ արդյունքում նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը սկսել է բարձրանալ: Մասնագետների խոսքով՝ նման վիճակը խոչընդոտում է նիհարելուն եւ նպաստում դիաբետի զարգացմանը:

Այսպիսով, մասնագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս գիշերային ժամերին գաջեթների օգտագործումը սահմանափակել:



© NEWS.am Medicine