«Խոզի գրիպի» դեմ պատվաստումներն անվտանգ են հղիության ժամանակ. կանադացի համաճարակաբաններ

13:12   12 հուլիսի, 2019

«Խոզի գրիպի» դեմ պատվաստումներն անվտանգ են հղիության ժամանակ եւ հետագայում ծնված երեխաների մոտ առողջական խնդիրներ կամ զարգացման հապաղում չեն առաջացնում: BMJ ամսագրում այս մասին նշել են կանադացի համաճարակաբանները՝ ներկայացնելով հետադարձ խմբային հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 2009 թվականի նոյեմբերից 2010-ի հոկտեմբեր Օնտարիոյում (Կանադա) ծնված  երեխաների առողջական վիճակի տվյալները: Նրանց բոլորին հետազոտել են հաջորդ 5 տարիների ընթացքում: Գիտնականներին հետաքրքրում էին, մասնավորապես, փորձարկվողների շրջանում մահացության ցուցանիշները, հիվանդացության մակարդակը եւ այլն:

Հետազոտության մեջ ներգրավված երեխաների մայրերի 30 տոկոսը H1N1 «խոզի գրիպի» դեմ պատվաստվել է հղիության ժամանակ: Արդյունքում՝ կապ չի հայտնաբերվել պատվաստանյութի եւ ինֆեկցիոն հիվանդությունների, նորագոյացությունների, սենսորային խանգարումների, քրոնիկական հիվանդությունների կամ երեխաների շրջանում մահացության միջեւ:

Այսպիսով, կանադացի համաճարակաբանները նշում են, որ «խոզի գրիպի» դեմ պատվաստումն անվտանգ է ինչպես հղի կանանց, այնպես էլ նրանց երեխաների համար:



© NEWS.am Medicine