Անհավանական դեպք. Տղամարդը, ում ուղեղի մի կիսագունդն ի ծնե բացակայում է, բարձրագույն կրթություն եւ 2 երեխա ունի

09:59   13 հուլիսի, 2019

Մերձմոսկվայից բժիշկները հազվագյուտ շեղմամբ տղամարդու են հայտնաբերել՝ բացակայում է նրա ուղեղի մի կիսագունդը:

Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի  Արտաբրգային հիվանդությունների դաշնային կենտրոնի նյարդաբան Մարինա Անիկինան լրագրողներին հայտնել է, որ 60-ամյա տղամարդն իրենց հիվանդանոց է ընդունվել գլխուղեղի արյան շրջանառության խանգարմամբ՝ տրանզիստորային իշեմիկ հարձակում, որն առաջացնում է ձեռքերի եւ ոտքերի շարժունակության խնդիրներ: Պացինետին ՀՏ է կատարվել, որի արդյունքները բժիշկներին ապշահար են արել. պացիենտն ուներ ուղեղի միայն աջ կիսագունդ, իսկ ձախը բացակայում էր:

Երբ պացիենտին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, եւ վերջույթների շարժունակությունը վերականգնվել է, նա տուն վերադառնալու ցանկություն է հայտնել՝ առանց հետագա հետազոտությունների: Տղամարդը հայտարարել է, որ նորմալ կյանքով է ապրել եւ հիմա չի ցանկանում անգամ մտածել այն մասին, որ իր ուղեղի կեսը չկա: Դրանից բացի, տղամարդը վախենում է, որ այս առանձնահատկությունը կարող է իր վրա ավելորդ ուշադրություն գրավել, իսկ ինքը դա չի ցանկանում:

Մասնագետների ենթադրությամբ՝ այս մարդու ամբողջ ուղեղի ֆունկցիան կյանքի ընթացքում կատարել է աջ կիսագունդը: Հետաքրքիր է, որ արտասովոր պացիենտը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել, նա հաջողությամբ ավարտել է դպրոցը, ծառայել բանակում, ավարտել բուհը եւ ստացել ինժեների մասնագիտություն: Նա խնդիրներ չի ունեցել նաեւ անձնական կյանքում. ամուսնացած է, ունի երկու երեխա:

«Եթե մեր յուրահատուկ ինժեների մայրը ծննդաբերության պատրաստվեր ոչ թե 60 տարի առաջ, այլ մեր օրերում, ապա նրան ավելի շուտ խորհուրդ կտային հղիությունն արհեստականորեն ընդհատել: Պերինատալ սքրինինգը, ՈՒՁՀ-ն անմիջապես ցույց կտային ապագա երեխայի մոտ մի ամբողջ կիասագնդի պակասը, եւ բժիշկները ռիսկի չէին դիմի: Սակայն անցյալ դարի 50-ական թվականներին այսպիսի տեխնոլոգիաներ դեռեւս գոյություն չունեին, եւ երեխան կարողացել է լույս աշխարհ գալ առանց մի կիասգնդի, մեծացել է, ունեցել առողջ երեխաներ»,- ասել է բժիշկ Անիկինան:



© NEWS.am Medicine