Ուղեղի ՄՌՏ-ն միջինը տեւում է 15-90 րոպե, սակայն Massachusetts General Hospital-ի (ԱՄՆ) գիտնականները անցկացրել են 100 ժամ տեւողությամբ սքանավորում, որը մարդու ուղեղը այնքան մանրամասն է ցույց տվել, որքան ընդհանրապես հնարավոր է:
Սքանավորման արդյունքները կարող են արժեքավոր գործիք լինել կոմատոզ իրավիճակները, դեպրեսիաները եւ շատ այլ խնդիրներ հետազոտելիս:
Սքանավորված ուղեղը պատկանել է 58-ամյա կնոջ, որը 3 տարի առաջ մահացել է թոքաբորբից եւ որեւէ նյարդաբանական խնդիր չի ունեցել: Ուղեղը սքանավորելու համար գիտնականները ստիպված էին նախ հատուկ քեյս պատրաստել, որը կարող էր ուղեղը տեղում պահել եւ թույլ չտալ, որ այն շարժվի մագնիսական ալիքների ազդեցությամբ:
Եթե ուղեղը պատկաներ ողջ մարդու, ապա մասնագետները չէին կարողանա այդքան մանրամասն պատկերներ ստանալ, քանի որ ցանկացած շարժում (անգամ շնչելը եւ արյան շրջանառությունը) կխանգարեր:
Մասնագետները սքանավորման համար օգտագործել են անչափ հզոր սարք՝ դաշտի 7 Տեսլա լարմամբ (հիվանդանոցների մեծ մասում օգտագործում են 3 Տեսլա սարքեր):
Ավելի քան 4 օր տեւած սքանավորումը ուղեղի բոլոր հատվածները ցույց է տվել մանրագույն մանրամասներով, այդ թվում՝ նշաձեւ կորիզը, որը նուշից մեծ չէ եւ տեղադրված է ուղեղի խորքում:
Շատ խնդիրներ, այդ թվում՝ բարձր տագնապայնությունը, աուտիզմը, դեպրեսիան, հետվնասվածքային սթերսային խանգարումը եւ ֆոբիաները, մասնագետների կարծիքով, կարող են կապված լինել նշաձեւ կորիզի ֆունկցիաների խանգարումների հետ:
Մասնագետներն ընդգծում են, որ նախկինում երբեք չեն տեսել ուղեղի այդպիսի մանրամասն պատկերներ եւ անհամբերությամբ են պատրաստվում ստացած սքանները կիրառել առողջ ուղեղի հետազոտման համար: