Փոքրիկ աղջիկը ծնվել է դեմքի վրա տարածված մեծ խալով (ֆոտո)

22:16   13 հուլիսի, 2019

Փոքրիկ Լունան ծնվել է այս տարվա մարտին դեմքի վրա տարածված մեծ խալով: Նրա մայրը՝ 35-ամյա Քերոլ Ֆենները, բողոքում է, որ մարդիկ բացասաբար են աղջկան վերաբերվում եւ նրա հասցեին վատ մեկնաբանություններ են անում: 

Ինչպես գրում է Metro-ն, Լունայի մոտ հսկայական խալ կա դեմքի վրա, որը հանդիպում է 20 000 նորածիններից միայն մեկի մոտ:

Երբ երեխան ծնվել է, բժիշկները շոկի մեջ են եղել՝ ենթադրելով, որ երեխայի մոտ կարող է քաղցկեղ լինել, սակայն ՄՌՏ-ն քաղցկեղի որեւէ նշան ցույց չի տվել:

Քերոլն աղջկա լուսանկարներով կիսվել է սոցցանցերում եւ կոպիտ մեկնաբանություններ ստացել: Ամենատհաճ մեկնաբանությունը եղել է հետեւյալը.

«Ավելի լավ կլինի՝ սպանեք նրան, քան ապրեք նման հրեշի հետ, ինչպիսին Լունան է»:

Սեւ խալը ծածկում է 4 ամսական Լունայի աչքերը, քիթը, այտերն ու ճակատի մեծ մասը:

Չնայած մեծ թվով բացասական մեկնաբանություններին՝ օգտատերերից շատերն աջակցել են Լունային եւ նրա մորը: Քերոլի խոսքով՝ շատերը Լունային թիթեռնիկ են անվանել խալի ձեւի պատճառով:

«Մարդիկ իրենց դեմքերը մուգ ներկով ներկում էին եւ ուղարկում լուսանկարները: Երբ ես դրանք տեսա, շատ հուզվեցի»,- պատմել է Քերոլը:  

Այժմ աղջկա ծնողներն ու բժիշկները միջոցներ են փնտրում նրան օգնելու համար: Բժիշկների մի մասն ասում է, որ երեխան պետք է մեծանա, իսկ որոշներն էլ պնդում են, որ անհրաժեշտ է շուտափույթ վիրահատություն կատարել:

Այս պահին երեխայի ծնողները գումար են հավաքում հետագա պրոցեդուրաների համար:   



© NEWS.am Medicine