Apple Watch-ը փրկեց տղամարդու կյանքը՝ ժամանակին ի հայտ բերելով սրտի խնդիրները

09:40   18 հուլիսի, 2019

48-ամյա Փոլ Հաթոնը կարողացավ ժամանակին իմանալ կյանքի համար վտանգավոր վիճակի մասին՝ շնորհիվ Apple Watch սարքի։

The Telegraph-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերին Apple Watch-ից նախազգուշացում ստացվեց, որ Փոլի սիրտը չափազանց դանդաղ է աշխատում։ Այսպես, սրտի զարկերի հաճախականությունը կազմում էր րոպեում 40-ից պակաս, այն դեպքում, երբ հանգստի վիճակում այդ ցուցանիշը պետք է լինի 60-100 զարկ։ Դա ստիպեց տղամարդուն դիմել բժշկի՝ խորհրդատվության համար։

Բուժզննումը պարզեց, որ Փոլը սրտի արատ ունի, որն էլ դարձել է առիթմիայի պատճառը։ Նման վիճակը զգալիորեն բարձրացնում էր թրոմբների եւ կաթվածի առաջացման վտանգը։ Արդյունքում՝ տղամարդը վիրահատեց սիրտը, եւ հիմա նա, բժիշկների հավաստմամբ, լիովին ապաքինվել է։ Ի հաստատումն ասվածի՝ Փոլը կարողացել է առանց սրտի համար վտանգների հետեւել կրիկետի աշխարհի առաջնությանը, որն այս տարի ընթանում էր Անգլիայում եւ Ուելսում։



© NEWS.am Medicine